Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/143

Այս էջը սրբագրված է

— Լա՛վ, ինչ էլ որ լինի, դու ինձ չես խաբի։

— Հայրի՜կը, որ միշտ ծաղրում է,— ասաց էլլին,— դա ինձ բոլորովին դուր չի գալիս։

Բերտան գիտեր, որ տագրը այդ ամենը այնպես է ասում, դատարկ տեղը և, որ եթե նույնիսկ ինքը պատմեր բոլոր ճշմարտությունը, նա երբեք չպիտի հավատար։

Ներս մտավ տագերկինը, և Բերտան ստիպված էր իր Վիեննա գնալու պատմությունն անելու։ Նա ինքը զարմանում էր, որ այդպիսի հեշտությամբ իրար է խառնում ճշմարիտն ու սուտը։ Նա պատմեց, որ Ագաթայի հետ գնում էր քաղաքային այգին երաժշտություն լսելու, պատարագներ լսում էր ս. Ստեփանի եկեղեցում, փողոցում հանդիպեց կոնսերվատորիայի մի ծանոթ պրոֆեսորի և վերջը պատմեց նույնիսկ ինչ-որ ծիծաղելի մարդ ու կնոջ մասին, որոնք ընթրում էին Ագաթայի մոտ։ Քանի շատ էր ստում նա, այնքան ավելի նրա մեջ ցանկություն էր ծագում այդ պատմության մեջ գցել հռչակավոր ջութակահար Էմիլ Լինդբախին, որ մի ժամանակ իր հետ սովորել է կոնսերվատորիայում, որին ինքը մի անգամ հանդիպեց փողոցում, որի հետ զրուցեց։ Սակայն մի աղոտ վախ, որ ինքը կարող է ժամանակին կանգ չառնել և բոլորը դուրս տալ, զսպեց նրան։ Տագերկինը, նրան լսելիս, հոգնած տեսք ուներ, Էլլին, ըստ սովորականին, հենվել էր դաշնամուրին և իր խոշոր աչքերով նայում էր Բերտային։

Տագերկնոջ մոտից Բերտան տիկին Մալմանի մոտ գնաց և նրա երկվորյակներին դաս տվեց։ Սկզբում էկսերզիսներն ու գամմաները գրգռում էին իրան, իսկ հետո նա դադարեց լսելուց՝ ամբողջապես իր հուշերով տարված։

Այս առավոտվա լավ տրամադրությունը չքացավ։ Վիեննան սաստիկ հեռու էր թվում։ Տարօրինակ մի անհանգստություն տիրեց նրան, և հանկարծ ահ ծագեց, որ համերգից հետո Էմիլը կարող էր իսկույն հեռանալ։ Դա սոսկալի կլիներ։ Հեռանալ այդպես, առանց իր հետ տեսնվելու։ Եվ աստված գիտե, թե նա երբ կվերադառնա նորից։ Ոչ, պետք է համերգի օրը մի կերպ Վիեննա ընկնել։ Բերտան պիտի խոստովաներ, որ իրան քաշողը բնավ Էմիլի նվագածությունը չէր։ Նա նույնիսկ ավելի ուրախ կլիներ, եթե Էմիլը բոլորովին ար-

143