Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/147

Այս էջը սրբագրված է

ինքը և ավելին կարող էր անել։ Նա հաճությամբ կտեղափոխվեր Էմիլի մոտ և կապրեր նրա հետ առանց նրա կինը լինելու։ Նրա համար միևնույն կլիներ, թե ինչ կասեն մարդիկ... Նա նույնիսկ կպարծենար դրանով։ Իսկ հետո Էմիլն, իհարկե, կամուսնանար։ Չէ՞ որ ինքը լավ տանտիկին է և կկարողանա Էմիլի մասին հոգալ, հանգստություն տալ նրան, և Էմիլը չի կարող չգնահատել այդ։ Խաղաղ, ամփոփիկ տունը այնքա՜ն դուրեկան պիտի լինի մենավոր թափառականության երկար տարիներից հետո։ Եվ Էմիլը պիտի երջանիկ զգա իրան, որ իր մոտ կա մի սիրող կին, մի կին, որը ուրիշ ոչ ոքի չի սիրել այդպես։

Բերտան տուն դարձավ և մինչև որ ճաշը կբերեին, նամակի համար ամեն ինչ պատրաստեց։ Ճաշում էր նա տենդոտ անհամբերությամբ։ Նա նույնիսկ որդուն մոռացավ։ Թողեց, որ աղախինը կերակրե նրան և քուն դնե, ինչպես ինքը միշտ անում էր։ Իր սենյակը դառնալով՝ նա նստեց գրասեղանի առաջ, և խոսքերը անընդհատ թափվում էին նրա գրչի տակից. կարծես նամակը առաջուց պատրաստ լիներ գլխում։

«Իմ սիրելի, իմ թանկագին Էմիլ,

Այն օրվանից, ինչ դարձել եմ տուն, միշտ ուզում եմ գրել քեզ, թե որքա՜ն երջանիկ եմ ես, անսահման երջանիկ, որ դու սիրում ես ինձ։ Սկզբում ես նեղացա, որ դու կիրակի

օրը չուզեցիր ինձ տեսնել: Ես դրա մասին խոսում եմ նրա համար, որ ոչինչ չեմ ուզում թաքցնել։ Դժբախտաբար, երբ ես քեզ հետ էի, խոսք չէի գտնում արտահայտելու այդ։ Իսկ այժմ դու պիտի հաշտվես այն բանի հետ, որ ես երկար ու ձանձրալի նամակներ եմ գրելու քեզ։ Իմ սիրելի, իմ միա՜կ... Ասում եմ քեզ սիրելի ու միակ նրա համար, որ դա ճշմարիտ է, թեև դու ինձ չես հավատում։ Խնդրում եմ քեզ, հավատա՜, ես չեմ ստում։ Էմիլ, ես, քեզնից բացի, ոչ ոքին, երբեք չեմ սիրել և չեմ սիրելու։ Ինչ ուզում ես, արա։ Ինձ այս քաղաքի հետ ոչինչ չի կապում։ Ավելին կասեմ՝ ես չեմ կարող ապրել այստեղ, սարսափ է տիրում ինձ այստեղ։ Ես ուզում եմ Վիեննա տեղափոխվել, որպեսզի քեզ մոտ լինեմ։ Մի վախենար, ես

147