Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/148

Այս էջը սրբագրված է

քեզ չեմ խանգարի։ Ես մի որդի ունեմ, որին պաշտում եմ։ Ես նրանով զբաղված կլինեմ։ Ես իմ բոլոր ծախսերը կկրճատեմ, և, ո՞վ գիտե, գուցե կարողանամ Վիեննայում էլ դասեր գտնել, որոնք կօգնեն ինձ գոյությունս պահպանելու։ Ես վաղուց որոշել էի այդ անել իմ պաշտելի որդու համար, երբ նա մեծանա։ Դու երևակայել չես կարող, թե որքան հիմար են այստեղ մարդիկ: Ես նրանց տեսնել չեմ կարող սկսած այն օրից, երբ քեզ հետ լինելու երջանկությունն զգացի։ Ինձ մի խորհուրդ տուր, սիրելիս։ Ինքդ քեզ մի ձանձրացնի երկար նամակ գրելու, որովհետև մոտ օրերս ես մի քանի անհրաժեշտ բաներ առնելու համար Վիեննա պիտի գամ, և այն ժամանակ անձամբ կասես, թե ինչպես ավելի լավ կլինի քո կարծիքով։ Դու պետք է խոսք տաս, որ երբեմն առ երբեմն կգաս մոտս, երբ Վիեննա տեղափոխվեմ։ Եթե դա անախորժ է քեզ համար, այնպես կանենք, որ ոչ ոք չիմանա։ Հավատա, որ ինձ համար իսկական տոն պիտի լինի քեզ հետ ունեցած ամեն մի տեսակցությունս։ Ամբողջ աշխարհում ոչ ոք չկա, որ քեզ մինչև մահը այնքան ջերմ, այնքան անկեղծ սիրե, ինչպես ես։

Ողջ եղիր, սիրելիս,
քո Բերտա»։

Նա չվստահացավ նամակը նորից կարդալու և իսկույն դուրս եկավ, որ անձամբ տանի հեռացող գնացքին։

Կայարանում նա տեսավ տիկին Ռուպիուսին ու նրա աղախնին, որը տիկնոջ պայուսակն էր տանում։ Սա ի՞նչ է նշանակում։

Բերտան հասավ տիկին Ռուպիուսի ետևից հենց այն րոպեին, երբ նա կայարան էր մտնում։ Աղախինը համբուրեց իր տիկնոջ ձեռքը, պայուսակը սեղանին դրեց ու դուրս ելավ։

— Աննա, — կիսահարցական եղանակով բացականչեց Բերտան:

Աննան սիրալիր կերպով պարզեց նրան իր ձեռքը։

— Ես արդեն լսել էի, որ դուք վերադարձել եք,— ասաց նա։— Հետո ինչպե՞ս անցկացրիք ժամանակը։

— Լավ, շատ լավ, բայց...

148