Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/149

Այս էջը սրբագրված է

— Ինչո՞ւ եք ինձ այդպիսի սարսափով նայում։ Ես նորից կվերադառնամ և հենց վաղը։ Իմ գնալս չհաջողվեց։ Ես ստիպվեցի վճռել... մի ուրիշ բան։

— Ի՞նչ։

— Մնա՛լ։ Վաղը ևս նորից տանը կլինեմ։ Լավ, դուք ասացեք, ինչպե՞ս անցկացրիք ժամանակը։

— Ես ձեզ արդեն պատասխանեցի, որ շատ լավ։

— Ճիշտ որ։ Ես մոռացա։ Դուք ուզում եք այդ նամակը գցել...

Միայն այժմ Բերտան նկատեց, որ նամակը դեռ բռնած պահում էր ձեռքում։ Նա այնպիսի հիացմունքով նայեց Աննային, որ վերջինս չկարողացավ իր ծիծաղը զսպել:

— Ուզո՞ւմ եք՝ ես տանեմ... Իհարկե, Վիեննա։

— Այո,— ասաց Բերտան և կարծես թե ուրախացած, որ կարող է, վերջապես մեկին ասել, ավելացրեց, — այս նամակը ուսարկում եմ նրան:

Աննան, կարծես, գլխով համակրության մի շարժում արեց, բայց բան չասաց։

— Որքան երջանիկ եմ ես, որ ձեզ հանդիպեցի,— շարունակում էր Բերտան։— Դուք միակ կինն ենք, որին կարելի է հավատ ընծայել, որը կարող է հասկանալ ինձ։

— Ահ, ոչ,— ասաց Աննան, կարծես քնի միջից։

— Ինչպե՜ս նախանձում եմ ես ձեզ, որ մի քանի ժամից Վիեննա կլինեք։ Որքան երջանիկ եք դուք։

Աննան Բերտային նայեց ու տխուր ասաց.

— Ինձ թվում է, որ դուք նախանձելու տեղիք չունեք, դուք ինքներդ երջանիկ եք։

— Ոչ, ես պետք է այստեղ մնամ։

— Ինչո՞ւ։ Դուք ազատ եք։ Պահեցեք ձեր նամակը, թե չէ՝ կկարդամ հասցեն և ավելին կիմանամ, քան դուք կկամենայիք այդ։

— Ոչ, ոչինչ։ Ես կուզեի, որ այս գնացքի հետ գնար նամակս։

Նա վեր ելավ, նամակը արկղը գցեց ու դարձավ։ Աննան շարունակում էր նստած մնալ սեղանի առաջ, նույն դիրքում, գլուխը ձեռներին հենած։

149