Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/151

Այս էջը սրբագրված է

Տիկին Ռուպիոսը կիսահեգնական, բայց և բարյացակամ մի հայացքով նայեց նրան և համակրանքով ասաց.

— Ես ուրախ եմ ձեր երջանկության համար։

— Օ՜, որքան բարի եք դուք։ Մյուս կողմից՝ շատ ափսոս, որ մենք միմյանցից այնպես հեռու ենք ապրում. նա Վիեննա է։ իսկ ես՝ այստեղ։ Դա անտանելի է։ Ես այնպե՜ս մենակ եմ զգում ինձ, մանավանդ ազգականներիս շրջանում։ Եթե միայն նրանք իմանային այդ։ Չէ՜, եթե նրանք իմանայի՜ն հանկարծ։ Սակայն նրանք չէին հավատա։ Մանավանդ տագերոջս կինը։ Նա այնպիսի խիստ կին է, որ կասկածել անգամ չի կարող, որ այդպիսի բաներ են պատահում։

— Դուք շատ միամիտ եք, — ասաց տիկին Ռուպիուսը մի տեսակ գրգռումով։— Կարծեմ գնացքը մոտենում է,— ավելացրեց նա՝ լսողությունը լարելով։

Նա վեր ելավ, մոտեցավ պլատֆորմ նայող ապակյա դռան ու նայեց։ Ներս մտավ գծի տեսուչը և նայեց տոմսակները։

— Վիեննայի գնացքը ուշացել է քսան րոպե, — ասաց նա։

Բերտան մոտեցավ տիկին Ռուպիուսին և երկչոտությամբ հարցրեց.

— Ինչո՞ւ դուք ինձ միամիտ անվանեցիք։

— Դուք մարդկանց բոլորովին չեք ճանաչում, — ասաց Աննան, գրեթե զայրացած։— Դուք երևակայել անgամ չեք կարող նույնիսկ այն մարդկանց, որոնց մեջ ապրում եք։ Հավատացնում եմ, որ հպարտանալու բան չունեք դուք։

— Ես գիտեմ, որ դա իմ հիմարությունն է։

— Ձեր տագերկինը, իրավ, ծիծաղս գալիս է, որ ասեմ, ձեր տագերկինը...

— Ի՞նչ իմ տագերկինը...

— Նա էլ է սիրեկան ունեցել։

— Ի՞նչ եք ասում։ Ինչպե՞ս եք կարողացել դուք այդպիսի միտք հղանալ։

— Ճիշտ է: Նա քաղաքում ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը։

— Գուցե և կան այդպիսի կանայք, բայց... Ալբերտինան...

151