Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/153

Այս էջը սրբագրված է

Ալբերտինային։ Դրանցից հետո կասկած լինել չի կարող...

— Ողորմա՜ծ աստված... Հապա ի՞նչ է արել նա...

— Դե, ինչպես տեսնում եք՝ դուրս չի արել։

— Գուցե երեխաների համար։

— Ախ, ի՞նչ կապ ունին երեխաները։ Նա ներեց այն հարմարությունների համար, որ տալիս էր իրան կինը։ Բացի այդ, դա նրան ազատություն էր տալիս։ Դուք տեսնո՞ւմ եք, նա իրան ինչպես է պահում։ Ախր կինը տան մեջ գրեթե աղախնի դեր է կատարում։ Տեսնո՞ւմ եք, ինչպես նա միշտ տխուր է ու ճնշված։ Նա հիմա իր մարդուց բարերարված է համարում իրան և միշտ դողում է ահից, որ մարդը «կպատժե» իր հին մեղքերի համար։ Միայն թե այդ ահը միտք չունի, որովհետև մարդը երբեք մի ուրիշ այդպիսի տանտիկին չի գտնի... Ախ, սիրելի Բերտա, մենք էլ հրեշտակներ չենք, ինչպես այժմ դուք ձեր անձի վրա համոզվեցիք, բայց տղամարդիկ խստասիրտ են, զզվելի, քանի որ...— Աննան կարծես կարկամեց և չէր կարողանում խոսքը վերջացներ..— քանի որ նրանք տղամարդ են։

Բերտան ճնշված էր ոչ այնքան տիկին Ռուպիուսի պատմածից, որքան նրանից, ինչ նա իրանից ասաց։ Աննան բոլորովին ուրիշ էր երևում, և դա տանջում էր Բերտային։

Պլատֆորմ տանող դուռը բաց էր, և նրանց ականջին հասնում էր հեռագրի անընդհատ, մեղմ վնգվնգոցը։

Աննան դանդաղ վեր ելավ։ Նրա դեմքը իր սովորական հեզ արտահայտությունն ընդունեց։

— Ներեցեք ինձ, եթե ես մի քիչ գրգռված էի,— ասաց նա՝ ձեռքը Բերտային մեկնելով։ — Աշխարհում ամեն ինչ կարող է և լավ լինել և վատ։ Չէ՞ որ կան կարգին մարդիկ... Օ, իհարկե, դա կարող է լինել գեղեցիկ...— Նա երկաթուղու ռելսներին նայեց, կարծես հետևում էր նրանց հեռու սլացող գծերին։— Վաղը երեկոյան ես արդեն տանը կլինեմ, — ասաց նա այն մեղմ ձայնով, որը Բերտան այնքա՜ն սիրում էր։ — Հա՛, իմ իրեղենները։— Նա շտապով մոտեցավ սեղանին և վերցրեց ճամփորդական պայուսակը։— Ես ուղղակի չեմ

153