Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/160

Այս էջը սրբագրված է

Առավոտյան նամակ չկար։ Բերտան մի քիչ հիասթափված էր, բայց անհանգիստ չէր։ Եկավ Էլլին, որ Ֆրիցի հետ սիրում էր խաղալ։ Շուկայից վերադարձավ աղախինը և ասաց, որ Ռուպիուսի տունը շտապով բժիշկ են կանչել, սակայն նա չկարողացավ ասել, թե ո՞վ է հիվանդացել՝ Աննա՞ն, թե նրա ամուսինը։ Բերտան վճռեց ճաշից առաջ անձամբ գնալ ու տեղեկանալ։ Նա հազիվհաղ կարողացավ դաս տալ Մալմանի մոտ. նյարդային էր, թույլ։ Դասից հետո Ռուպիուսների մոտ գնաց։ Աղախինն ասաց, որ Աննան հիվանդ պառկած է, բայց որ նրան վտանգ չի սպառնում, թեև բժիշկ Ֆրիդրիխը արգելել է մարդ ընդունել։ Բերտան վախեցավ։ Նա հաճությամբ կզրուցեր պարոն Ռուպիուսի հետ, բայց չուզեց ինքնակոչ լինել։

Ճաշից հետո նա փորձեց որդու հետ պարապել, բայց այդ չհաջողվեց։ Նա ինքն էլ չգիտեր ինչո՞ւ, սակայն նրան թվում էր, թե Աննայի հիվանդությունը վատ նշան է։ Եթե Աննան չհիվանդանար, նամակը արդեն այստեղ կլիներ։ Նա գիտեր, որ դա հիմարություն է, բայց այդ մտքից ազատվել չէր կարողանում։

Ժամի հինգին նա դարձյալ Ռուպիուսների մոտ գնաց։ Նրան ներս թողին։ Ռուպիուսը հետը խոսել էր ուզում։ Նա նստած էր իր բազմոցի վրա, սեղանի առաջ։

— Ի՞նչ է պատահել Աննային,— հարցրեց Բերտան։

— Բժիշկն այնտեղ է, մի րոպե սպասեցեք...

Բերտան այլևս չվստահացավ հարցուփորձ անելու։ Երկուսն էլ լուռ էին։ Մի քանի ակնթարթից բժիշկը դուրս եկավ։

— Դեռ որոշ ոչինչ չի կարելի ասել,— դանդաղորեն արտասանեց նա, ապա, կարծես մի բան վճռելով, դիմեց Բերտային ու ավելացրեց.

— Ներեցեք, տիկին, ես պետք է պարոն Ռուպիուսի հետ խոսեմ։

Ռուպիուսը ցնցվեց։

— Ես չեմ ուզում խանգարել, — ասաց Բերտան անգիտակցաբար ու հեռացավ։ Նա այնպես էր հուզված, որ տուն դառնալ չկարողացավ և խաղողի այգիների միջով դեպի գերեզմանատունը գնաց։ Նա զգում էր, որ մի գաղտնիք կա այդ

160