Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/165

Այս էջը սրբագրված է

րած է միմիայն նրա համար, որ հեռվից իր կիրքը գրգռե։ Չէ՞ որ միայն դա էր կապում նրանց:

Ախ, ստորությո՜ւն... կեղտոտությո՜ւն... Բերտայի սիրտը խառնում էր, զզվելի՜ էր... Նա վեր ելավ ու սկսեց հագնվել... Հիմա ի՞նչ պիտի անե.... Ամեն ինչ վերջացած է, ամեն ինչ:

Ուրեմն՝ նա չէր կարող իրան տեսնել, ժամանակ չուներ... Աշնանը, ամեն ամիս, մի գիշերով... Հա՞, հա՞, ինչպե՜ս չէ... Ես համաձայն եմ ձեր պատվավոր առաջարկությանը... Ես ուրիշ ոչինչ չեմ ուզում... Ես կշարունակեմ այս խուլ անկյունում մի դասից մյուսին վազել, թող հոգիս դուրս գա... Դուք կշարունակեք ջութակի վրա նվագել, կանանց խելքից հանել, ճանապարհորդել, հարստանալ, փառքով ու երջանկությամբ օգտվել։ Եվ ամեն ամիսը կամ ամիսուկեսը մի անգամ ես մի գիշերով կգամ այն վատ սենյակը, ուր դուք փողոցայինկանանց եք ընդունում։ Պառկել ձեզ հետ այն մահճակալի վրա, ուր ինձնից առաջ այնքան մարդ է պառկել։ Ֆո՜ւ... Շո՛ւտ, շո՛ւտ, հագնվել և՝ Աննայի մոտ... Նա հիվանդ է, ծանր հիվանդ։ Մնացյալը բոլորը երկրորդական բաներ են։

Դուրս գալուց առաջ նա որդու մոտ գնաց ու մի քիչ փայփայեց նրան։ Նա մտաբերեց նամակի այն տեղը, ուր ասված է. «Այդտեղ դու որդի ես ունեցել, այդտեղ է քո տունը»։ Այո, Էմիլը իրավացի է, բայց այդ նա նրա համար չի ասում, որ դա ճշմարիտ է, այլ նրա համար, որ վախենում է, թե ամիսը մի անգամից ավելի կգնամ իր մոտ։ Դո՜ւրս, դո՜ւրս... Ինչո՞ւ այժմ ինքը Աննայի համար չի վախենում... Հա՛, ախր դեռ երեկ երեկոյան իրան արդեն ավելի լավ էր զգում Աննան։ Ո՞ւր է նամակը։ Բերտան նորից, առանց մտածելու, թե ինչ է անում, հին սովորության համեմատ, նամակը կորսետի տակը դրեց։

Երբ նա անցնում էր հրապարակը, սպաները նստած նախաճաշում էին։ Նրանք մարզանքներից նոր էին վերադարձել, և դեռ բոլորը փոշոտ էին։ Նրանցից մեկը, որ դեռ բոլորովին ջահիլ էր, երևի նոր էին սպայի աստիճան տվել, ետ դարձավ ու նայեց Բերտային։

165