Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/167

Այս էջը սրբագրված է

Բերտան դժվարությամբ է զսպում արցունքները։ Բուռն ցանկություն է ծագում նրա մեջ վերջապես իմանալու, թե, ախր, ի՞նչ է պատահել, և նա հարցնում է.

— Ախր ինչի՞ համար, սիրելի, թանկագին Աննա...

Երկարատև լռություն տիրեց։ Աննան նորից աչքերը փակեց և կարծես թե քնեց։ Ռուպիուսը նստած էր անշարժ։ Բերտան մեկ նրան էր նայում, մեկ՝ Աննային և մտածում. «Համենայն դեպս, ես դեռ պիտի սպասեմ։ Ի՞նչ կասեր Էմիլը, եթե լսեր, որ ես մեռել եմ։ Այո, դա նրան մի քիչ կտանջեր նա կմտածեր՝ այն կինը, որին մի քանի օր առաջ գրկում էի, այժմ դիակ է դարձել։ Իհարկե, նա մի քիչ լաց կլիներ։ Այո, այդպիսի պայմաններում նա լաց կլիներ... նա, այն ողորմելի եսամո՜լը...։ Օ՜, ո՞ւր գնացին նորից իր մտքերը... Չէ՞ որ նա դեռ բռնած պահում էր իր մեռնող բարեկամուհու ձեռքը։ Օ՜, եթե կարողանար նա փրկել Աննային։ Բերտան չէր կարողանում վճռել, թե ո՞վ է ավելի դժբախտ՝ Աննա՞ն, որ մեռնում է, թե՞ ինքը, որ այդպես անարգ կերպով խաբված է։ Եվ այդ բոլորը մի գիշերվա համա՜ր... Դեռ դրանից էլ քիչ, մի ժամի համար, և այդպե՜ս տանջել մարդու, այդպե՜ս ստորացնել... Մի թե դա անխղճություն չէ... Ինչպե՜ս ատում է նա Էմիլին, ինչպե՛ս ատում է... Ինչպես կուզեր, որ անհաջող անցներ Էմիլի համերգը, այնպես անհաջող, որ բոլորը ծիծաղեին նրա վրա, որ ամաչեր, որ լրագրերում գրեին, թե Էմիլ Լինդբախի կարիերան վերջացած է, անդա՜րձ վերջացած... Որ բոլոր սիրուհիները երես դարձնեին նրանից... Այն ժամանակ նա կմտաբերեր Բերտային, նրան, որը մանկությունից սկսած սիրում էր նրան, սիրում էր սուրբ, անխորտակելի սիրով, որը ինքը՝ Էմիլը, այդպես սրբապղծեց... Այո, այն ժամանակ նա իր մոտ կդառնար և ներողություն կխնդրեր, իսկ ինքը կասեր նրան. «Տեսնո՞ւմ ես, Էմիլ, տեսնո՞ւմ ես...»։

Նրա մտքերն ավելի հեռուն չէին գնում։ Սակայն սա ի՞նչ է, ինքը դարձյալ Էմիլի մասին է մտածում, իսկ այստեղ մեռնում է իր բարեկամուհին... Եվ ինքը շարունակում է նստած մնալ նրա մահճակալի մոտ, իսկ այն լուռումունջը Աննայի ամուսինն է...

167