Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/170

Այս էջը սրբագրված է

պիտի անե... Նա չէր կարողանում հանգստանալ։ Չէր կարող ոչ տունը նստել, ոչ ազգականների մոտ։ Նա ուզում էր ետ գնալ։ Գուցե Աննան չէր մեռնի, եթե Էմիլից ուրիշ նամակ գար։ Նա գիտակցում էր, որ ոչ մի կապ չկար այդ մտքերի մեջ, բայց չէր կարող կծիկը քանդել։ Ինչո՞ւ։

Մի քառորդ ժամ չանցած նա նորից Ռուպիուսների մոտ գնաց։ Դուռը բաց էր։ Հիվանդապահը կանգնած էր նախասենյակում և ասաց.

— Ամեն ինչ վերջացած է։

Բերտան առաջ անցավ։ Ռուպիուսը մենակ նստած էր սեղանի մոտ։ Ննջարանի դուռը փակ էր։ Բերտան մոտեցավ Ռուպիուսին։ Նա բռնեց Բերտայի՝ իրան մեկնած ձեռքն ու տխուր ասաց.

— Ինչո՞ւ նա արեց այդ, ինչո՞ւ։

Բերտան լռում էր։

— Դա ավելորդ էր,— շարունակում էր Ռուպիուսը աստված է վկա, որ ավելորդ էր։ Ինձ ինչ, թե ի՞նչ կասեին. այնպես չէ՞։

Պատասխանի փոխարեն Բերտան գլխով արեց։

— Պետք էր կյանքը փրկել, ահա թե բանն ինչ է։ Հապա ինչո՞ւ արեց այդ։

Ռուպիուսը խոսում էր հանդարտ, սակայն նրա ձայնը լի էր խորին թախիծով և աչքերը՝ արցունքով։

Բերտան լալիս էր։

— Այո, դա ավելորդ էր։ Ես կպահպանեի նրան, կդաստիարակեի որպես իմ սեփական զավակին։ Ես ամեն ինչ կներեի...

Բերտան արագ նայեց Ռուպիուսին։ Եվ հանկարծ ամեն ինչ հասկացավ, ու սիրտը ահով լցվեց։ Ակամա իր մասին մտածեց։ Իսկ եթե ինքն էլ... այդ միակ գիշերը այդ միակ ժամվա ընթացքում... Նա այնպես վախեցավ, որ քիչ մնաց ուշաթափվեր։ Այն, ինչ որ առաջ համարյա թե անկարելի էր թվում, այժմ անվիճելի ճշմարտություն էր։ Այլ կերպ անկարելի էր։ Աննայի մահը մի ահավոր, նախազգուշացնող նշան էր։ Բերտան նորից հիշեց իր զբոսանքը Էմիլի հետ տասներկու տարի սրանից առաջ։ Նա հիշեց այն համբույրը,170