Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/19

Այս էջը սրբագրված է

դաշտերում։ Օդը բոլորովին անշարժ էր, և թվում էր, որ իրիկնապահի հովը դեռ հեռու է։

Բերտան մի վայրկյան կանգ առավ ու չորս կողմը նայեց։ Նա իր զավակի հետ միս-մինակ էր շրջապատող անդորրության մեջ։ Վերը, գերեզմանատանն էլ նա այսօր ոչ ոքի չհանդիպեց։ Չհանդիպեց այն պառավին իսկ, որը սովորաբար ծաղիկներն է ջրում ու գերեզմանների զարդերը պահպանում, և որի հետ Բերտան երբեմն զրույց էր անում։

Բերտային թվաց, որ նա շատ վաղուց է տնից դուրս եկել և վաղուց ոչ ոքի հետ չի խոսել։

Եկեղեցու աշտարակի վրա ժամացույցը վեցը խփեց։ Ուրեմն մի ժամ հազիվ կլինի նրա տնից դուրս գալը, նույնիսկ ավելի քիչ, որովհետև փողոցում նա դեռ կանգնել, խոսել էր սիրունիկ տիկին Ռուպիուսի հետ։

Բայց և այնպես նույնիսկ այն մի քանի րոպեն, որ նա կանգնած էր քիչ առաջ իր ամուսնի գերեզմանի վրա, նրան մի վաղուցվա, մի հեռավոր բան թվաց։

— Մայրիկ, – լսեց նա հանկարծ իր որդու ձայնը։ Նա թողել էր մոր ձեռքն ու առաջ վազել։ —Մայրիկ, ես կարող եմ ավելի արագ գնալ, քան թե դու։

— Որ այդպես է, Ֆրից, սպասիր, դու հո մայրիկիդ մենակ չե՞ս թողնելու։

Բերտան հասավ մանկան և նորից բռնեց նրա ձեռքից։

— Մենք արդեն տո՞ւն ենք գնում,— հարցրեց փոքրիկը։

— Այո, Ֆրից, մենք կնստենք բաց պատուհանի առաջ, մինչև որ բոլորովին մութն ընկնի։

Նրանք շուտով բլուրի ստորոտը հասան և այժմ փոշոտ ճանապարհի ստվերոտ ընկուզենիների տակին էին զբոսնում։ Այստեղ էլ նրանք շատ քիչ մարդ տեսան։ Բանուկ ճանապարհով մի երկու բեռնած սայլ էր անցնում, և սայլապանները մտրակները ձեռներին վազում էին նրանց կողքով։ Երկու հոգի, հեծանիվ նստած, քաղաքից եկան և, իրանց հետևից փոշու ամպեր թողնելով, անցան գնացին դեպի դաշտերը։ Բերտան ակամա կանգ առավ ու երկուսի հետևից էլ նայեց, մինչև որ նրանք անհետացան։ Այդ միջոցին փոքրիկը բարձրացել էր նստարանի վրա։

19