Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/20

Այս էջը սրբագրված է

— Տե՜ս, մայրիկ, ինչ եմ անում,— բացականչեց նա և արդեն պատրաստ էր վայր ցատկելու։

Մայրը նրա ձեռներից բռնեց և խնամքով նստացրեց տեղը։ Ապա ինքն էլ նստեց։

— Դու հոգնե՞լ ես,— հարցրեց փոքրիկը։

— Այո՜,— ասաց Բերտան, և ինքն էլ զարմացավ, որ այդ իրավ որ այդպես է, որովհետև նա այժմ միայն զգաց, որ խեղդուկ օդն իրան քնացնելու չափ թուլացրել է։ Նա չէր կարող մտաբերել, որ երբևիցե մայիսի կեսին այսպիսի շոգ օրեր լինեին։

Նստած տեղից նա կարող էր հայացքով չափել անցած ճանապարհը, որ խաղողի այգիներով պատած բլուրների միջով, արևի տակ փռված, ձգվում էր մինչև գերեզմանատան փայլուն ու պայծառ ցանկապատը։ Այս զբոսանքը տիկին Բերտան կատարում էր սովորաբար շաբաթը երկու-երեք անգամ։ Արդեն վաղուց էր, որ այս ճանապարհը ուրիշ ոչ մի նշանակություն չուներ նրա համար։ Երբ նա այնտեղ, վերը, թափառում էր խաչերի ու գերեզմանաքարերի մեջ, ավազապատ շավիղներում, աղոթում էր իր ամուսնի գերեզմանի մոտ կամ մի քանի դաշտային ծաղիկ դնում վրան, որ ինքն էր հավաքած լինումճանապարհին, նա գրեթե արդեն ոչ մի ցավ չէր զգում։

Արդեն երեք տարի էր անցել այն օրից, երբ նա թաղել էր իր մարդուն, ուղիղ նույնքան ժամանակ էլ նրանք ապրել էին մեկտեղ։

Բերտայի ուշքերը փակվում էին։ Նա մտաբերում էր, թե ինչպես նրանք հարսանիքից մի քանի օր հետո Վիեննայից այս քաղաքն եկան։ Նրանք մի փոքրիկ ճանապարհորդություն էին կատարել։ Մի այնպիսի ճանապարհորդություն, որ կարող էր թույլ տալ իրան չնչին կարողության տեր մի մարդ, որը օժիտ չունեցող աղջկա հետ է պսակվել։ Նրանք Վիեննայից գետի հոսանքի ուղղությամբ գնացին իրանց ապագա պաշտոնատեղիից ոչ հեռու գտնվող փոքրիկ Վախաուն և այնտեղ մի քանի օր անցկացրին։

Բերտան շատ պարզ հիշում էր այն փոքրիկ հյուրանոցը, ուր նրանք իջել էին, այն գետափնյա այգին, ուր արևը մայր մտնելուց հետո սովորաբար նայում էին, այն խաղաղ ու մի քիչ տաղտկալի երեկոները, որոնք որպես նորապսակների20