Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/23

Այս էջը սրբագրված է

փոքրիկ աղջկա և տղայի մասին, որոնք երկուսն էլ երաժշտական ընդունակությամբ են օժտված, և որոնց նա հաճախ պատմում է օրիորդ Բերտայի մասին, իբրև մի երևելի դաշնակահարուհու։

Այս ամենը այնքան տարօրինակ էր թվում, որ Բերտայի մայրը ժամանակ առ ժամանակ նկատում էր իր աղջկան, որ պարոն Գարլանը իր անհաջող հարսնախոսությունից հետո ոչ մի կերպ, նույնիսկ ամենաթեթև ակնարկ չէր արել ո՞չ անցյալի, ո՛չ էլ հնարավոր ապագայի մասին։ Այդպիսով, այն բոլոր հին կշտամբանքներին, որ Բերտան սովորել էր լսելու, ավելացավ մի նորը. թե ինչո՞ւ պարոն Գարլանին նա այնքան խորը-անտարբեր և նույնիսկ սառը վերաբերմունք է ցույց տալիս։

Բերտան այդ դեպքում միայն գլուխն էր օրորում, որովհետև այդ ժամանակ նա դեռ չէր կարծում, որ կարող է երբևիցե ամուսնանալ այդ մի քիչ անշնորհք և վաղ ծերացած մարդու հետ։

Երբ հոր երկարատև հիվանդության ժամանակ Բերտայի մայրը հանկարծամահ եղավ, ահա այդ ժամանակ էր, որ նորից Վիեննա եկավ Գարլանը և հաղորդեց, որ իր կյանքում առաջին անգամ չորս շաբաթ ժամանակով արձակուրդ է վերցրել։

Բերտան շատ լավ նկատում էր, որ միայն իրա համար է եկել Գարլանը։ Անշուշտ, նա ուզում էր այդ նեղ օրերին իրան մի բանով օգնած լինել։ Եվ երբ մոր մահից մի շաբաթ անց Բերտայի հայրն էլ վախճանվեց, Գարլանը, անսպասելի կերպով, հավատարիմ բարեկամ և եռանդուն մարդ դուրս եկավ։ Նա իր եղբոր կնոջը մի քանի շաբաթով Վիեննա բերեց, որպեսզի որբացած օրիորդը մի քիչ օգնություն ստանա և քիչ ցրվի։ Իսկ ինքը արագ և հաջող կերպով կարգի բերեց Բերտայի հոր առևտրական գործերը։

Նրա այդ սրտագին վերաբերմունքը շատ լավ ազդեց Բերտայի վրա այն վատ օրերին, և երբ Գարլանը իր արձակուրդի ժամանակը լրանալուց հետո հարցրեց, թե արդյոք չէ՞ր կամենա օրիորդն իր կինը լինել, Բերտան ընդունեց նրա առաջարկությունը խորին շնորհակալության զգացմունքով։ Բերտան շատ լավ գիտեր, որ այլ կերպ ինքը գուցե ստիպված

23