Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/33

Այս էջը սրբագրված է

— Բարի երեկո, տիկին Բերտա,— ասաց նա այնտեղից, և Բերտան նկատեց, ինչպես նա մութի մեջ գլխարկը հանեց։

Բերտան գրեթե անգիտակցաբար պատասխանեց.

— Բարի երեկո։

— Դուք շատ լավ էիք նվագում, տիկին:

Բերտան ոչինչ չպատասխանեց, միայն նրա բերանից դուրս թռավ մի գրեթե անհնչյուն հարցական «այո՞», որ Կլինգեմանը երևի չլսեց էլ։

Կլինգեմանը մի վայրկյան լուռ կանգնած մնաց, ապա ասաց.

— Բարի գիշեր, տիկին Բերտա, անուշ քուն։

Եվ «անուշ քուն» բառերը նա այնպես շեշտեց, որ գրեթե անամոթաբար հնչեցին։

Հիմա նա տուն կերթա, իր խոհարարուհու մոտ, ինքն իրան մտածում էր Բերտան։ Հետո հանկարծ նա մտաբերեց մի բան, որ վաղուց գիտեր, որի մասին, սակայն, մինչև այժմ չէր մտածել։ Կլինգեմանի սենյակում պետք է որ մի պատկեր կախված լինի, որի երեսին մի փոքրիկ վարագույր է քաշած։ Այդ պատկերը մի անպարկեշտ տեսարան է ներկայացնում։ Ո՞վ էր այս բանը պատմել Բերտային։ Ախ, հա՞, տիկին Ռուպիուսը, անցյալ աշնան, երբ Դանուբ գետի ափին մի անգամ զբոսնում էին միասին։ Տիկին Ռուպիուսն էլ մի ուրիշից է լսել, բայց ումի՞ց: Շատ անպիտան մարդ պիտի լինի այդ պարոն Կլինգեմանը։ Բերտայի վատը եկավ, որ մտածում է Կլինգեմանի և այդ բոլոր բաների մասին։

Նա դեռևս կանգնած էր պատուհանի առջև։ Նրան այնպես էր թվում, որ ծանր օր է անց կացրել։ Նա մտաբերում էր, թե, իրոք, ի՞նչ է պատահել, և ինքն էլ զարմացավ, որ, վերջիվերջո, սա էլ հարյուրավոր անցած ու գալիք օրերի նման մի օր էր...

Սեղանից վեր էին կենում։ Դա այն կիրակնօրյա ճաշերից մեկն էր, որ գինեվաճառ Գարլանը սովորաբար տալիս էր իր ծանոթներին։

33