Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/35

Այս էջը սրբագրված է

Բոլորը նայեցին Բերտային, զգալով, որ մի արտասովոր բան պատահեց։

Տանտիկինն ասաց.

— Գուցե մի քիչ մեզ հետ կնստես, Բերտա։

Էլլին քնքշությամբ լցվեց դեպի հարսը և ամուր սեղմվեց նրա թևին։ Այսպես էլ կանգնած մնացին նա և Բերտան դաշնամուրին հենված։

— Դուք է՞լ այսօր «Կարմիր խնձոր» կգնաք,— հարցրեց տանտիկնոջը տիկին Մարտինը։

— Ոչ, չկարծեմ։

— Բայց, քանի որ մենք այսօր առանց ընտանեկան համերգի մնացինք, երեկոյան...

— Խաղը ձերն է, պարոն բժիշկ:

— Այնտեղ զինվորական երաժշտություն կլինի՞,— հարցրեց բժիշկ Ֆրիդրիխի կինը:

Տանտիկինը վեր կացավ և, մոտենալով ամուսնին, հարցրեց.

— Չէ, լուրջ, մենք այս երեկո «Կարմիր խնձոր» կգնա՞նք։

— Իհա՛րկե։

Տիկինը մի քիչ շփոթվեց և իսկույն անհայտացավ դեպի խոհանոց՝ նոր կարգադրություններ անելու։

— Ռիխա՛րդ,— ասաց Գարլանը իր որդուն,— շուտով վազիր այգու տիրոջն ասա, որ մեզ համար մի սեղան պահի։

Ռիխարդը դեպի դուռը գնաց և այնտեղ ընդհարվեց մոր հետ, որը այդ իսկ վայրկյանին ներս մտավ։ Կատարելապես թուլացածի ձևով մայրը նստեց բազմոցին։

— Դուք երևակայել չեք կարող,— ասաց նա բժիշկ Ֆրիդիխի կնոջը,— թե որքան դժվար է ամենադատարկ բանն անգամ այդ Բրիգիտային հասկացնելը։

Տիկին Մարտինը նստեց իր ամուսնի մոտ և նայում էր Բերտային, որը դաշնամուրի մոտ Էլլիի հետ լուռ կանգնած էր։ Տիկին Մարտինը շոյեց իր ամուսնի գլուխը ձեռքը նրա ծնկին դրեց, ամեն կերպ աշխատելով ցույց տալ, թե որքա՜ն երջաիկ է ինքը։

— Ես քեզ մի բան կասեմ, հարսի,— ասաց հանկարծ Էլլին:— Իջնենք այգի, այնտեղ բաց օդում գլխիդ ցավը ավելի շուտ կանցնի։

36