Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/38

Այս էջը սրբագրված է

անգամ հեռացավ հուզված ու շփոթված։ Այսօր նրան թվաց, թե պիտի նրանց մոտ գնա, որովհետև վերջին օրերում ինչ-որ կապ հաստատվեց իր և հիվանդի միջև, որ հիվանդի երեկվա խաղաղ հայացքը մի առանձին նշանակություն ուներ։

Երբ նա սենյակ մտավ, նրա աչքերը պիտի նախ՝ ընտելանային տիրող կիսամութին։ Փեղկերը փակ էին, և միայն վերևի ճեղքից արևի մի ճառագայթ էր ընկնում ներս, ուղղակի սպիտակ վառարանի վրա։ Սենյակի մեջտեղում, սեղանի առաջ, բազկաթոռի վրա նստած էր պարոն Ռուպիուսը։ Նրա առաջ թափված էին ցանուցիր ինչ-որ թերթեր, որոնց նա մեկ-մեկ նայում ու մի կողմ էր դնում։ Բերտան նկատեց, որ դրանք պատկերներ էին։ Երբ որ Բերտան ներս մտավ, նա այդ թերթերից մեկը մի կողմ դրեց և ուզում էր մի ուրիշը վերցնել։

— Շնորհակալություն, որ ինձ նորից այցելում եք,— ասաց Ռուպիուսը ու ձեռքը Բերտային պարզեց։ —Տեսնո՞ւմ եք՝ ինչով եմ զբաղվում ես։ Սրանք հին ֆլամանդցիների նկարների պատկերներն են։ Հավատացե՛ք, տիկին, հին պատկերներ նայելը մեծ բավականություն է պատճառում մարդուս։

— Իհա՜րկե։

— Տեսնո՞ւմ եք, այստեղ վեց հատոր է, կամ, ավելի ճիշտ, վեց թղթակալ և ամեն մեկի մեջ քսան թերթ։ Այս բոլորն ուսումնասիրելու համար մի ամբողջ ամառ հարկավոր կլինի։

Բերտան նրա կողքին կանգնած, թեքվեց դեպի նրա առջև դրած նկարը։ Դա Տենիերի նկարներից մեկն էր։

— Մի ամբողջ ամառ,— կրկնեց Բերտան ցրված։

Ռուպիուսը նայեց նրան։

— Իհարկե,— ասաց նա, ատամները սղմելով, կարծես մի շատ կարևոր տեսակետ պիտի պաշտպաներ։ —Նկարը ուսումնասիրել, կնշանակե՝ իմանալ այդ նկարը գիծ առ գիծ։ Սա Տենիերինն է, բնագիրը Հաագայում է։ Ինչո՞ւ Հաագա չեք գնում, տիկին, այնտեղ Տենիերից այնքան հրաշալի պատկերներ կան, ասենք, ուրիշ բան էլ շատ կա։

Բերտան ծիծաղեց։

— Ինչպե՞ս կարող եմ ես մի այդպիսի ճանապարհորդության մասին մտածել։

— Այո՛ , այո՛,— շարունակում էր Ռուպիուսը,— Հաագան

38