— Չգիտեմ, ճշմարիտ։ Ազատ ժամանակ ունեմ։ Վաղը ես միայն իմ տագեր տանը դաս ունեմ։ Տագերկինս, իհարկե, բան չի ասի, եթե մի օր բաց թողնեմ, սակայն ես ձեզ չե՞մ խանգարի:
Մի թեթև ստվեր անցավ տիկին Ռոլպիուսի դեմքի վրայով։
— Ինչպե՞ս կարող եք դուք ինձ խանգարել։ Ընդհակառակը, ես շատ ուրախ կլինեմ, որովհետև գնալու և վերադարձի միջոցին խոսակից կունենամ։ Վիեննայում էլ, երևի, ժամանակի մեծ մասը միասին կլինենք։
— Ձեր ամուսինը,— սկսեց Բերտան, առաջին պարահանդեսի մասին խոսող փոքրիկ աղջկա նման կարմրելով,— պատմում էր ինձ... այսինքն՝ խորհուրդ էր տալիս։
— Նա երևի ձեզ իմ դերձակուհով էր գայթակղում,— ասաց տիկին Ռուպիուսը՝ ծիծաղելով։
Պարոն Ռուպիուսը շարունակում էր անշարժ նստած մնալ, առանց նրանց նայելու։
— Հա, ես ուզում էի խնդրել ձեզ... Գիտե՞ք, միշտ, երբ ես հիացմունքով ձեր վրա եմ նայում, իմ մեջ նորից լավ հագնվելու ցանկություն է զարթնում։
— Դա հեշտ բան է։ Ես ձեզ կտանեմ իմ դերձակուհու մոտ և հույս ունեմ, որ միշտ նրա մոտ գնալիս՝ ձեզ նման դուրեկան մի ուղեկցուհի կունենամ։ Ես գոհ եմ և քո փոխարեն,—ասաց նա իր մարդուն,— և ձեր փոխարեն,— դիմեց նա Բերտային։ —Դուք կտեսնեք, թե ինչ լավ է ազդում փողոցներում վազվզելը, մանավանդ, երբ գիտակցում ես, որ քեզ ոչ ոք չի ճանաչում, հրաշաչի է։ Այդ բանն ինձ ուղղակի անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ։ Երբ դրանից հետո վերադառնում եմ, ես այնպես թա՜րմ եմ լինում, այնպես առույգ,— և նա քնքշությամբ ու մի քիչ երկչոտ նայեց ամուսնին կողքովի, ապա շարունակեց.— այնպես երջանի՜կ եմ լինում, որ դժվար է երևակայել, աշխարհիս բոլոր կանանցից երջանի՛կ ։ —Նա թեքվեց ու համբուրեց ամուսնի քունքը։
Բերտան լսեց, ինչպես նա շշնջաց. «Իմ սիրելիս»: Իսկ մարդը չէր նայում նրան, կարծես վախենում էր, որ հայացքները միմյանց հանդիպեն։
Երկուսն էլ լռեցին, կարծես իրանք իրանց մեջ սուզվեցին և մոռացան Բերտայի գոյության մասին։42