Բերտան աղոտ կերպով գիտակցում էր, որ այդ մարդկանց հարաբերությունների մեջ ինչ-որ խորհրդավորություն կա։ Նրան թվում էր, որ դա հասկանալու համար նա բավականաչափ խելացի կամ փորձված կամ նրբազգաց չէր։ Մի րոպեի չափ լռություն էր տիրում։ Բերտան այնքան շփոթված էր, որ ուրախությամբ դուրս կգար, բայց պետք էր վերջնականապես պայմանավորվել առաջիկա ճանապարհորդության վերաբերմամբ։ Առաջինը խոսք բաց արեց Աննան.
— Ուրեմն՝ վճռված է։ Մենք վաղը կայարանո՞ւմ կհանդիպենք իրար։ Կգնանք առավոտյան գնացքով, այնպես չէ՞։ Ես կաշխատեմ այնպես անել, որ երեկոյան յոթը ժամի գնացքով մենք տուն դառնանք։ Ութը ժամվա ընթացքում շատ բան կարելի է անել։
— Իհարկե,— ասաց Բերտան,— եթե ես ձեզ ամենաչնչին անհանգստություն անգամ չեմ պատճառի։
Նրա խոսքը Աննան կտրեց գրեթե զայրացած.
— Ես արդեն ասացի ձեզ, թե որքան ուրախ եմ մեր միասին գնալու համար։ Մանավանդ որ մեր ամբողջ քաղաքում ձեզնից համակրելի կին չեմ ճանաչում ես։
— Այո,— ասաց Ռուպիուսը,— ես կարող եմ այդ հաստատել։ Գիտեք, կինս ոչ մի տեղ չի գնում: Դուք էլ այնքան երկար չէիք գալիս մեր տունը, ես արդեն սկսել էի անհանգստանալ, որ հանկարծ կինս ձեզնից էլ կզրկվի։
— Ինչպե՞ս կարող էիք դուք այդպիսի ենթադրություն անել, պարոն Ռուպիուս։ Գոնե դուք, Աննա, երևի այնպես չէ, չե՞ք կարծում։
Այդ րոպեին Բերտան արտասովոր մի սեր էր զգում դեպի այդ մարդիկ, և նրա սիրտը այնպես շարժվեց, որ քիչ էր մնում՝ արցունքները թափվեն աչքերից։
Աննան տարօրինակ ու մտորուն ժպտում էր։
— Ես ոչինչ չէի կարծում,— ասաց նա։ — Առհասարակ մի քանի բաների մասին ես երկար չեմ մտածում։ Ես մարդկանց հետ հարաբերություն ունենալու մեծ կարիք չունիմ, բայց դուք հատկապես որ ինձ շատ եք դուր գալիս։
Եվ ձեռքը Բերտային պարզեց նա։
Բերտան նայեց Ռուպիուսին։ Նրան թվաց, որ Ռուպիուսը