Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/44

Այս էջը սրբագրված է

պիտի գոհ լինի, սակայն զարմանքով նկատեց, որ նա իր գրեթե չարությամբ լի աչքերը հառել է սենյակի անկյունին։

Սպասուհին սուրճ բերեց։ Սկսեցին մյուս օրվա ծրագիրը կազմել։ Մանրամասն որոշեցին վաղվա անելիքներն ու նշանակեցին ժամերը։ Բերտան այդ ծրագիրը իր ծոցի գրքույկի մեջ մտցրեց։ Աննան թեթև կերպով ծիծաղում էր նրա ճշտապահության վրա:

Երբ Բերտան նորից փողոց դուրս եկավ, երկինքն ամպերով էր պատած, և խեղդուկ օդը մոտալուտ փոթորիկ էր գուշակում։

Բերտան դեռ տուն չհասած՝ անձրևի խոշոր կաթիլները թափվեցին, և նա, Ֆրիցին ու աղախնին տանը չգտնելով, անհանգստացավ։ Բայց երբ գնաց պատուհանը փակելու, տեսավ, որ նրանք արդեն տուն են վազում։ Ամպի ուժեղ գոռոցը ցնցեց նրան, ապա կայծակը ճեղքեց երկինքը։

Փոթորիկը երկար չտևեց, սակայն շատ ուժեղ էր։ Բերտան նստած էր ննջարանում, մահճակալի վրա և, իր փոքրիկ որդուն ծնկներին առած, նրան հեքիաթ էր ասում, որ չվախենա։ Բերտային թվում էր, որ մի ինչ-որ կապ կա փոթորկի և իր երեկվա և այսօրվա ապրումների միջև։ Կես ժամից փոթորիկն անցավ։ Նա բացեց պատուհանը։ Օդը մաքուր էր ու թարմ։ Իրիկնային երկինքը պարզ ու հեռու էր թվում։ Բերտան լիաթոք շունչ քաշեց։ Երջանկության հույսերը բախում էին նրա սիրտը: Ժամանակ էր համերգին գնալու։

Երբ նա եկավ, ամբողջ հասարակությունն արդեն հավաքվել էր սեղանի շուրջը, ծառի տակ։ Բերտան ուզում էր իսկույն ասել տագերկնոջը, որ վաղը Վիեննա է գնում, բայց երկչոտությունը զսպեց նրան, կարծես մի անթույլատրելի բան կար իր գնալու մտադրության մեջ։

Կլինգեմանը նրանց սեղանի մոտով անցավ իր «տնտեսուհու» հետ։ Դա մի հասակն առած փարթամ կին էր, Կլինգեմանից հասակով ավելի բարձր, ման եկած ժամանակ կարծես նիրհում էր։ Կլինգեմանը չափազանցության հասնող քաղաքավարությամբ գլուխ տվեց։ Տղամարդիկ հազիվ պատասխանեցին նրա բարևին, տիկինները նրան չնկատելու տվին։ Միայն Բերտան թեթև կերպով գլուխ տվեց նրան ու նրանց հետևից նայեց։ Ռիխարդը, որ նրա կողքին էր նստած, շշնջաց. «Դա44