Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/45

Այս էջը սրբագրված է

նրա սիրուհին է, ես հաստատ գիտեմ»։ Ուտում էին, խմում, զրուցում։ Երբեմն ծանոթ մարդիկ մյուս սեղաններից մոտենում էին, նստում էին միառժամանակ նրանց հետ ու հետո նորից իրանց տեղերը գնում։

Երաժշտությունը ոչ մի տպավորություն չէր գործում Բերտայի վրա։ Նա շարունակ այն բանի մասին էր մտածում, թե ինչպես հաղորդի իր գնալու լուրը։ Հանկարծ, երբ երաժշտությունը շատ բարձր հնչեց, Բերտան ասաց Ռիխարդին.

— Դու վաղը դաս չես ունենա, ես Վիեննա եմ գնում։

— Վիեննա՞,— հարցրեց Ռիխարդը և բարձրաձայն ասաց մորը.— հարսին վաղը Վիեննա է գնում։

— Ո՞վ է գնում Վիեննա,— հարցրեց Գարլանը, որ ամենից հեռու էր նստած։

— Ես,— պատասխանեց Բերտան։

— Տե՛ս, տե՛ս,— ասաց Գարլանը՝ մատը թափ տալով։

Վերջապես ասել էր։ Փա՜ռք աստուծո։

Ռիխարդը բոլորին ծաղրում էր. հաճախորդներին, գեր կապելմեյստերին, որը թռչկոտում էր խումբը կառավարելիս, փողահարին, որը այնպես էր լարված, որ թվում էր, թե ահա նրա աչքերից արցունքները դուրս կցայտեն։ Բերտան շարունակ բարձրաձայն ծիծաղում էր։ Հանաք էին անում նրա ուրախ տրամադրության վրա, և բժիշկ Ֆրիդրիխը նկատեց, որ նա անպայման տեսակցության է գնում Վիեննա։

— Այդ արդեն ես թույլ չեմ տա,— բացականչեց Ռիխարդը այնպիսի զայրույթով, որ բոլորը բարձրաձայն ծիծաղեցին։

Միայն Էլլը բոլոր ժամանակ լուրջ էր և անդադար զարմանքով Բերտային էր նայում։

Կուպեի բաց պատուհանից Բերտան դրսի տեսարաններն էր դիտում։ Տիկին Ռուպիուսը կարդում էր մի գիրք, որ գնացքը շարժվելուն պես հանել էր պայուսակից։ Թվում էր, թե նա խուսափում է իր ուղեկցուհու հետ երկար խոսելուց, և այդ բանը մի քիչ վրդովում էր Բերտային։ Վաղուց նա ուզում էր Աննայի հետ մտերմանալ, իսկ երեկվանից սկսած այդ միտքը

45