Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/49

Այս էջը սրբագրված է

այդ զարդարուն կանանց ու էլեգենտ տղամարդկանց տեսքը նրան հաճույք էր պատճառում։ Թվում էր, թե բոլորը իրանց նոր շորերն էին հագել և, առհասարակ, ավելի երջանիկ էին երևում, քան թե իրանց քաղաքում։ Նա կանգնեց գեղարվեստական խանութի առաջ և մի ծանոթ պատկեր եկավ աչքին։ Դա նույն լրագրում նկարված Էմիլ Լինդբախն էր։ Բերտան նույնպես ուրախացավ, կարծես մի ծանոթ մարդու հանդիպեց։

— Ես ճանաչում եմ նրան,— բացականչեց նա, դիմելով Աննային։

— Ո՞ւմ։

— Ահա սրան,— ասաց Բերտան՝ լուսանկարը ցույց տալով։ —Երևակայեցե՞ք, ես ու նա սովորում էինք կոնսերվատորիայում։

— Մի՞թե,— ասաց Աննան։

Բերտան նայեց նրան և նկատեց, որ նա բոլորովին չի նայում նկարին, այլ ինչ-որ ուրիշ բանի մասին է խորհում։ Սակայն այդ բանը Բերտային նույնիսկ ուրախացրեց, որովհետև նրան թվում էր, որ իր նոր արտասանած խոսքերի մեջ շատ զգացմունք կար։ Նա մի հպարտություն զգաց, որ այստեղ ցուցադրված է այն մարդու նկարը, որը պատանության օրերում սիրահարված է եղել իր վրա և համբուրել է իրան։ Բերտան ուրախ սրտով էր շարունակում ճանապարհը։

Շուտով նրանք Թիմերշտրասսե հասան և կանգնեցին Բերտայի հորաքրոջ աղջկա կեցած տան առջև։

— Ուրեմն որոշված է,— ասաց նա,— ժամը երեքին դուք կգա՞ք։

— Այո,— պատասխանեց Աննան,— միայն, եթե ես ուշանամ, ինձ մի սպասեք։ Այդ դեպքում մենք երեկոյան ժամը 7-ին կայարանում կհանդիպենք միմյանց։

Նա ձեռքը մեկնեց Բերտային, ապա արագ-արագ հեռացավ։ Բերտան երկար նայում էր նրա ետևից։ Նրան թվում էր, որ ինքը նորից մենակ է և մոռացված, ինչպես այն ժամանակ, վագոնում, երբ Աննան իր վեպն էր կարդում։

Բերտան սանդուխտով վեր բարձրացավ։ Նա չէր նախազգուշացրել իր գալու մասին և դրա համար այժմ մի տեսակ ահ էր զգում, վախենում էր, որ անհարմար լինի իր հանկարծ հայտնվելը։ Ահա չորս տարի է, որ նա Ագաթային չի տեսել, նամակ էլ շատ սակավ էին գրում միմյանց։

49