Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/51

Այս էջը սրբագրված է

աղջիկներ: Այն ժամանակ նրանք շատ մտերիմ էին և միմյանց նման։ Բերտայի միտն ընկան իրանց այն ժամանակվա աղջկային խոսակցությունները, իրանց գաղտնիքները, որ միշտ հայտնում էին միմյանց։ Եվ այդ սիրուն, բարձր սանրած և հյուս արած մազերով աղջիկը այժմ գրեթե պառա՜վ էր: Իսկ նա ի՞նքը։ Ինչո՞ւ նա ինքն իրան ջահիլ էր համարում։ Գուցե ուրիշներին ինքը նույնպե՞ս էր երևում, ինչպես Ագաթան նրան։

Նա վճռեց, որ երբ դուրս գա, ուշադրություն դարձնե անցորդների նայվածքին: Սոսկալի բան կլինի, եթե նա էլ այդպես պառավ երևա։ Ոչ, անկարելի է, ծիծաղելի է նույնիսկ դրա մասին մտածելը։ Նա մտաբերեց Ռիխարդին, որը իրան «սիրունիկ հարս» էր անվանում, մտաբերեց Կլինգեմանի զբոսանքը՝ գիշերով իր պատուհանի տակ, մտաբերեց, որ տագրը սիրալիր էր լինում միշտ իր վերաբերմամբ, և այդ ամենը հանգստացնում էր իրան։ Իսկ երբ դեմուդեմը կախված հայելուն նայեց, տեսավ մի թարմ ու ջահիլ դեմք, առանց մի կնճիռի խոշոր, պայծառ աչքերով։ Եվ դա իր դեմքն էր, իր աչքերն էին։

Երբ Ագաթան վերադարձավ, Բերտան խոսք բացեց անցյալի մասին։ Նա սկսեց խոսել ջահիլության տարիների մասին, բայց թվում էր, որ ժամանակը, ընտանիքը, առօրյա՝ հոգսերը ջնջել են Ագաթայի հոգում ամեն ինչ, ամեն հիշատակ։ Երբ որ Բերտան հիշեցրեց այն ուսանողական շրջանը, ուր նրանք երկուսն էլ լինում էին մեկտեղ, այն երիտասարդներին, որոնք աշխատում էին Ագաթայի սիրտը շահել, այն վարդի փունջը, որ անհայտ մեկը ուղարկել էր իրան, Ագաթան սկզբում լսում էր ժպտալով, կարծես այդ խոսակցությունը այնքան էլ տեղին չէր համարում, ապա ասաց.

— Դու դեռ մտաբերո՞ւմ ես այդ հիմարությունները։

Դիվանատնից վերադարձավ Ագաթայի ամուսինը։ Նա բոլորովին սպիտակել էր։ Առաջին րոպեին նա Բերտային չճանաչեց, հետո նրան մի ուրիշի հետ շփոթեց և, վերջապես, ներողություն խնդրեց, որ դեմքերը չի կարողանում մտքում պահել։ Ճաշի միջոցին նա ազգականի դեր էր կատարում: Գործնական եղանակով Բերտայի կեցած փոքրիկ քաղաքի դրության մասին էր հարցուփորձ անում։ Հետո ծիծաղելով տեղեկացավ, թե արդյոք Բերտան երկրորդ անգամ մարդու

51