Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/55

Այս էջը սրբագրված է

գնում, որով մի ժամանակ գնում էին նա և Էմիլը միասին։ Այստեղ նա կանգ առավ. մոռացել էր, թե ո՞ր կողմը պիտի բռնի՝ ա՞ջ, թե՞ ձախ։ Տարօրինակ է, որ այդ աստիճան մոռացել է նա այդ ամենը։ Նա դանդաղ քայլելով մոտեցավ կոնսերվատորիային և կանգ առավ։ Վերև այն պատուհաններն էին, որոնցից նա մի ժամանակ սիրում էր սուրբ Կառլոսի գմբեթին նայել և միևնույն ժամանակ սպասում էր, որ դասը վերջանա, որ հանդիպի Էմիլին։ Ահ, որքա՜ն էր սիրում նա Էմիլին։ Զարմանալի է, որ այդ ամենը կարող է վերջանալ։ Այժմ նա ման է գալիս այստեղ այրիացած, արդեն մի քանի տարի առաջ իր ամուսնին թաղած։ Տանը մեծանում է իր երեխան։ Եթե ինքը մեռներ, Էմիլը բոլորովին չէր էլ իմանա այդ կամ, եթե իմանար էլ, կիմանար շատ տարիներից հետո։ Հանկարծ նա դռան վրա կպցրած մի հայտարարություն նկատեց։ Համերգ էին տալիս, և համերգին մասնակցում էր նա։ Նրա անունը տպված էր այստեղ ուրիշ շատ հռչակավոր անունների մեջ, որոնց Բերտան վաղուց սովորել էր ակնածությամբ ու հարգանքով վերաբերվել։

«Բրամսի ջութակային համերգը կկատարե Նորին մեծության Բավարիական արքայի սոլիստ Էմիլ Լինդբախը»։

«Բավարիական արքայի սոլի՜ստ». այո բանը Բերտան ենթադրել անգամ չէր կարող։

Բերտային թվում էր, որ նա, ում անունը այստեղ տպված է, այս րոպեիս դուրս կգա այս դռնից, ինչպես դուրս էր գալիս մի ժամանակ ջութակի արկղիկը ձեռքում ու պապիրոսը բերանում։

Մանգամից այդ ամենն այնքան մոտիկ երևաց, մանավանդ, երբ վերևից դուրս սահեցին ջութակի հնչյուններ, որ առաջ, մի ժամանակ, քանի՜-քանի՜ անգամ լսել էր նա։ Այո, նա պետք է գնա այս համերգին, եթե, նույնիսկ, ստիպված լինի հյուրանոցում գիշերելու։ Նա բեմին շատ մոտ կնստի, առաջին կարգերում, որպեսզի տեսնի նրան։ Արդյոք նա իրան պիտի նկատե՞, պիտի ճանաչե՞։ Բերտան կանգնած էր դեղին աֆիշի առջև, խորասուզված իր խոհերի մեջ, ինքն իր մտքերին ժպտալով, որպես քաղցր մի երազի, սակայն հանկարծ չնկատեց, որ երկու երիտասարդ պարոն, աչքերը հառած, իրան են նայում։

55