Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/57

Այս էջը սրբագրված է

քն իրան Բերտան։ Նրա համար անհասկանալի էր դառնում, և ինչպես կարող էր ինքն այդպիսի հեշտությամբ հրաժարվել արտիստակտն ապագայի հույսերից, իր սիրածից, այն էլ նրա համար, որ մի այսպիսի անգույն կյանք վարե, ամբոխի մեջ բոլորովին կորած։ Բերտան սոսկում էր, երբ մտածում էր, թե ինքը մի անհայտ մարդու այրին է լոկ, որ ապրում է փոքրիկ գավառական քաղաքում, որ ստիպված է իր կենսական հետքերը երաժշտության դասերով հոգալ, որ համբերությամբ պիտի սպասե վերահաս ծերության։ Եվ նրա, Էմիլի կյանքը հատող լույսից ու փայլից ոչ մի շող չի ընկնում Բերտայի կենսական ճանապարհին։ Նա չէր հասկանում, թե ինչպես կարողանում էր գոհ լինել իր վիճակից, ապրել անհույս ու անձգտում, անլուսանալի մի մշուշի մեջ։ Այդպես էր պատկերանում Բերտային այժմ իր կյանքը։

Մեքենայորեն նա հասավ մինչև Ասպռնբրյուկկե։ Այստեղ նա ուզում էր փողոցն անցնել, բայց ստիպված էր սպասել։

Կառքերի մի ամբողջ անընդհատ շարք էր անցնում։ Կառքով գնացողները, մեծ մասամբ, տղամարդիկ էին, և նրանցից շատերի ձեռքին դաշտային հեռադիտակ կար։ Բերտան գիտեր, որ դրանք Պրատերից են գալիս, ձիարշավից։ Ահա մի էլեգանտ կառք անցավ, և նրա մեջ գարնան սպիտակ հագուստով մի տղամարդ ու մի կին կար նստած։ Դրա ետևից մի այլ կառք էր գալիս՝ մեջն երկու բաց գույնի հագուստով տիկին։ Այդ տիկիններից մեկը ետ դարձավ ու նայեց իրանց ետևից եկող կառքում նստած մոխրագույն վերարկուով մի երիտասարդի։ Այդ վայրկյանին Բերտայի սիրտը ցավագին կերպով մի բան ծակեց։ Նա ուզում էր լինել այն կինը, որի ետևից գնում է կառքով երիտասարդը։ Նրա մեջ ցանկություն ծագեց երիտասարդ, գեղեցիկ և անկախ լինելու։ Ահ, աստվա՜ծ, նա ուզում է լինել մի կին, որը ինչ որ կամենաք կարող է անել, որը կարող է անվախ նայել իր հավանած երիտասարդներին։ Այդ րոպեին նա համոզված էր, որ Աննան այժմ իր սիրած մարդու մոտ է։

Իհարկե։ Ինչո՞ւ չի կարող լինել։ Չէ՞ որ Վիեննայում նա ազատ է և անկախ, իր ժամանակի տերն է այստեղ։ Բացի այդ, Աննան շատ է սիրուն և նրա մանիշակագույն, անուշահոտով սրսկված հագուստը նույնպես սիրուն է, և նրա շրթունք-

57