Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/60

Այս էջը սրբագրված է

երկար տարիների մասին։ Նրանք կգնային մի շքեղ ռեստորան ճաշելու։ Էմիլին կճանաչեին ու կսկսեին հարցուփորձ անել, թե ո՞վ է նրա հետի կինը։ Բերտան այնքան սիրուն է. նոր հագուստը պատրաստ է։ Սպասավորները մի առանձին քաղաքավարությամբ են ծառայում, մանավանդ նրանցից մեկը, որ ջահիլ է, նա, որը ահա այս րոպեիս գինի բերեց։ Բայց, դու մի ասի՝ դա Ռիխարդն է, որ ռեստորանի սպասավոր է դարձել ուսանող լինելու փոխարեն։ Հանկարծ դահլիճ են մտնում բժիշկ Մարտինը և նրա կինը։ Բերտան բարձրաձայն քահ-քահ ծիծաղում է, նա հիմա սովոր չէ շքեղ ռեստորաններին։ Սակայն ախր դա շքեղ ռեստորան չի, դա լոկ «Կարմիր խնձոր» հյուրանոցն է։ Մի ինչ-որ տեղից օրկեստրի նվագածությունն է լսվում։ Դա Ռուպիուսի արարքն է։ Նա է այնպես արել, որ նվագածությունը լսվի, իսկ ինքը՝ զինվորական օրկեստրը, չերևա։ Այժմ Բերտայի հերթն է։ Ահա դաշնամուրը։ Բայց Բերտան վաղուց է մոռացել նվագելը։ Ավելի լավ է՝ թաքնվի, որ զոռով չստիպեն նվագել։ Սակայն ահա նա կայարանում է։ Տիկին Ռուպիուսը արդեն իրան է սպասում և ասում է՝ «Ժամանակ է, ժամանակ», ապա մեկնում է Բերտային գիրքը, բայց ոչ, դա գիրք չէ, դա տոմսակ է։ Իսկ տիկին Ռուպիուսը չի գնում։ Նա նստարանին նստած բալ է ուտում, իսկ կորիզը կայարանապետի վրա է թափում։ Կայարանապետն էլ շատ գոհ է այդ բանից։ Բերտան մտնում է կուպե։ Փառք աստուծո, Կլինգեմանն արդեն այստեղ է։

Աչքերը չգոգելով՝ նա գլխով է անում Բերտային և ասում. «Դուք գիտե՞ք, սա ի՞նչ թաղում է»։ Բերտան տեսնում է, որ մյուս գծի վրա դիակառք կա կանգնած: Մտաբերում է, որ մեռել է կապիտանը, որի հետ դավաճանում էր Կլինգեմանին ծխախոտ ծախող կինը։ Ահա թե ինչո՜ւ այսօր համերգ կար «Կարմիր խնձորում»։ Հանկարծ Կլինգեմանը թեքվում ու սկսում է իր աչքերին փչել և այնպես է քահ-քահ ծիծաղում, ու ամբողջ մարմինը դողում է։ Բերտան բաց է անում աչքերը արագ անցնում է հակառակ կողմից եկող գնացքը։ Նա թոթափվեց, ուշքի եկավ։ Ի՜նչ խառնաշփոթ երազներ էին։ Սակայն սկզբում կարծես լավ էր։ Աշխատում է մտաբերել երազի սկիզբը։ Այո, Էմիլը ինչ-որ դեր էր կատարում այդ երազում բայց ի՞նչ դեր, նա չէր կարողանում մտաբերել։60