Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/61

Այս էջը սրբագրված է

Հանդարտ իջնում է մթնշաղը։ Գնացքը սլանում է Դանուբ գետի ափով։ Աննան քնի մեջ ժպտում է։ Գուցե նա քնած էլ չէ, այլ ուզում է քնած ձևանալ։ Նորից Բերտայի հոգում ծագում են կասկածներ, ծագում է ինչ-որ մի նախանձ դեպի այս մեր ընկերուհու խորհրդավոր ու անխուսափելի վերապրումները։ Բերտան ուզում էր, որ մեկը նստած լիներ իր կողքին ու իր ձեռները սեղմեր։ Նա կզգար նույնը, ինչ զգում էր է երբ կանգնած էր Էմիլի հետ Դանուբ գետի ափին, երբ իր շունչը կտրվում էր, երբ մայր լինելու ցանկություն էր զգում։

Ինչո՞ւ նա այդպես մենա՜կ է, դժբախտ, ինչո՞ւ խավարն է շրջապատում նրան։ Նա ուզում էր ձայն տալ, կանչել իր սիրածին, նրան, որը իրան սիրում էր երբեմնի։ Նա ուզում էր, որ իր սիրածը համբուրեր իրան, ինչպես համբուրում էր երբեմնի՝ ինչ երջանկություն է դա։

Գիշերն իջավ։ Բերտան դեպի խավարն էր նայում։ Երբ նա տուն հասնիր կգնա կհանե տանիքում պահած պայուսակը, նրա մեջ են իր ծնողների և Էմիլի նամակները։ Եվ նրա հոգում, կարծես, մի հարց է ծագում, որի պատասխանը միայն տանը պիտի ստանա։

Երբ Բերտան ուշ երեկոյան իր սենյակը մտավ, նրան թվաց, որ հիմա իսկ պիտի մենակ գնա տանիքը և բերի այն պայուսակը, ուր էմիլի և ծնողների նամակներն էին պահած։ Բայց նա վախենում էր, որ տանը կնկատեն իր գիշերային թափառումը և խելագարվածի տեղ կընդունեն իրան։ Այդ բանը վաղն էլ կարելի էր անել, առանց անհանգստության և առանց որևէ մեկի ուշադրությունը գրավելու։ Այս մտածումներով նա չքնեց գոհ և երջանիկ մի մանկան պես, որին խոստացել են քաղաքից դուրս տանել զբոսնելու։

Մինչև ճաշ նա տնտեսությամբ ու իր դասերով էր զբաղված։ Հարկավոր էր տագերկնոջը մանրամասն պատմել ամեն ինչ իր Վիեննա գնալու վերաբերյալ։

Պատմության միջոցին նա հնարեց է որ Վիեննայում, ճաշից հետո ամբողջ ժամանակ նա Ագաթայի հետ էր զբոսնում։

61