Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/62

Այս էջը սրբագրված է

Միայն կեսօրից հետո նա գնաց, տանիքից բերեց փոշեպատ ճանապարհորդական պայուսակը, որը երկու արկղի և սնդուկի կողքին էր դրված։ Այդ բոլորը նախշուն սփռոցով էր ծածկված։ Բերտան մտաբերեց, որ վերջին անգամ բացել է այդ ծնողներից մնացած նամակները պահելիս։ Այժմ, երբ նորից բացեց պայուսակը իր սենյակը բերելով, ամենից առաջ նրա աչքովն ընկան եղբայրների նամակներն ու հետո ինչ-որ անծանոթ ձեռքով գրված նամակներ։ Հետո նա մի նուրբ ծրար գտավ, որի մեջ պահած էին իր ծնողների նամակներն, իր մոր երկու հաշվեմատյանը, մի փոքրիկ տետր, որ մնացել էր իր աշակերտական տարիներից՝ իր սեփական ձեռագրով, դասացուցակով, տանը սերտելու համար տված դասերի ցանկով, աղջիկ ժամանակվա պարահանդեսներից մնացած կոտիլյոնական առարկաներով, վերջապես, երկնագույն, կիսամաշ անկյուններով մի մետաքսե թղթում փաթաթված Էմիլի նամակները, նա ուզեց մտաբերել այն օրը, երբ ինքը պահում էր իր ձեռքում, բայց չէր կարդում։ Դա հոր հիվանդության ժամանակ էր, երբ ինքն ամբողջ օրերով տնից չէր դուրս գալիս։ Նա մի կողմ դրեց կապոցը և որոշեց առաջ աչքի անցկացնել պայուսակում պահված իրերը։ Այդ իրերը շարժել էին իր հետաքրքրությունը։ Պայուսակի հատակում խառնուփնթոր իրար վրա լցված էին ինչ-որ նամակներ, թե՞ ծրարների մեջ, թե առանց ծրարների։ Անուշադիր կերպով Բերտան նայեց այդ նամակներին։ Ընկերուհիների նամակներն էին, Ագաթայի երկու-երեք նամակն ու իրան ուզող բժշկի նամակը։

Բժիշկը այդ գրությամբ Բերտային հրավիրում էր առաջին վալսը իր հետ պարելու բժիշկների պարահանդեսին։

Իսկ սա ինչ նամակ է։ Հա, սա իր անունով կոնսերվատորիա ուղարկված մի անանուն նամակ է, և Բերտան ձեռքն առավ այն։ «Օրիորդ, ես երեկ նորից բախտ ունեցա Ձեզ տեսնելու, երբ դուք կոնսերվատորիա էիք գնում: Չգիտեմ, արդյոք ձեզնից նկատված լինելու բախտը ևս ունեցա՞, թե՞ ոչ»։ Ո՜չ, այդ տեսակ բախտ չէ ունեցել նա։ Ապա ամբողջ երեք երեսի վրա այդ պարոնը հիացկոտ գովասանքներ էր թափում, սակայն ոչ մի անպարկեշտ ցանկություն չէր արտահայտված, չկար նմանապես և ոչ մի խիզախ խոսք ամբողջ նամակում։ Այդպես էլ չկարողացավ Բերտան իմանալ, թե ո՞վ է գրել այդ62