Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/64

Այս էջը սրբագրված է

չվերաբերվող ընդհանուր բան էր, որպես պատանեկան տարիները, որ բաժին են ընկնում բոլոր աղջիկներին, այն տարիները, որոնց ետևից գալիս է կնոջ խաղաղ կյանքը։ Սակայն այսօր այդ հուշերը նրան անկատար խոստումների նման երևացին։ Կարծես այն հեռավոր տպավորություններում սկզբից իսկ դրված էր ապագա վշտի մի գրավական։ Կարծես թե մեկը ամուսնության առաջին ժամից սկսած խաբում էր իրան, իսկ ինքը այնքան ուշ ըմբռնեց այդ, որ այժմ չգիտե, թե ի՞նչ անե։ Բայց ինչպե՞ս պատահեց այս ամենը։

Նա մտածում էր բոլոր այդ դատարկ բաների վրա, իսկ իր կողքին մետաքսե թղթով փաթաթված մնում էին այն թանկագին նամակները, որոնց համար նա քրքրում ու փորփրում էր այդ հին ու փոշոտ պայուսակը։ Նրանք այն միակ մարդու նամակներն էին, որին նա սիրել էր իր կյանքում, երջանիկ պատանության նամակները։ Ինչպե՜ս պիտի նախանձեին իրան, եթե իմանային, որ այս նամակները գրողը, նա ինքը մի ժամանակ սիրում էր Բերտային, սիրում էր ուրիշ կերպ, ավելի լավ, ավելի ջերմ, քան սիրել է որևէ մեկին դրանից հետո։ Եվ Բերտան իրան խորապես խաբված էր զգում, որ ինքը կարող էր նրա կինը լինել, եթե, եթե...

Այժմ նրա մտքերը խառնակ էին ու շփոթ։ Կարծես ցանկանալով իրան ճնշող կասկածից ու ահից ազատել նա շտապով պատռեց մետաքսե թուղթն ու Էմիլի նամակները կարդալ սկսեց։ Կարդում էր, կարդում էր անընդհատ, մեկը մյուսի ետևից, և՛ երկար, և՛ կարճ, և՛ փոքրիկ թղթի կտորի վրա գրված լակոնական նամակները. «Վաղը երեկոյան, ժամի յոթին, իմ անգին» կամ «Միմիայն մի համբույր, անգինս, քնից առաջ»։ Ահա և անսահման երկար նամակները, որ նա գրում էր Բերտային իր ճանապարհորդությունների ժամանակ, նկարագրելով ընկերների հետ կատարած ամառային էքսկուրսիաները։ Ահա այն նամակները, որ հոգու անմիջական թելադրանքն էին, դրանք գրված էին լինում կոնցերտներից հետո, երբ Էմիլը, տուն դառնալով, կարիք էր զգում իր տպավորությունները պատմել մեկին, մասնակից անել մեկին իր այդ տպավորություններին։ Ահա այն առանձնապես երկար նամակները. որոնց մեջ Էմիլը ապագայի մասին էր երազում։ Թե ինչպես նրանք հռչակավոր ու երջանիկ կճանապարհորդեն միասին64