Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/68

Այս էջը սրբագրված է

— Դու երեկ Վիեննա՞ էիր գնացել։ Ի՞նչ էիր անում այնտեղ։ Ոչ մի արկած չպատահե՞ց,— հարցրեց նա։

— Ինչպե՞ս,— հարցրեց Բերտան ու վախեցած նայեց տագերը, կարծես իրան մի բանում բռնեցին։

— Ո՞չ։ Ահա՜ թե ինչ։ Ախր դու Ռուպիուսի կնոջ հետ էիր, և, երևի, բոլոր տղամարդիկ ձեր ետևն էին ընկել։

— Ինչե՜ր ես ասում, ինչե՜ր ես ասում, Աննան իրան շատ լավ է պահում։ Նա իմ ճանաչած տիկիններից ամենակորեկտ կինն է։

— Դե լավ, լավ։ Ես ոչ ոքի դեմ բան չունիմ։

Բերտան նկատեց, որ նրա աչքերը փայլում էին, ինչպես մի քիչ խմած ժամանակ է լինում։ Մտաբերեց մեկի գուշակությունը, որ իր տագրը սրտի պայթումից պիտի մեռնի։

— Ես էլ պիտի շուտով քաղաք գնամ,— շարունակում է տագրը։ — Մեծ պասի երկուշաբթվանից մինչև այժմ այնտեղ չեմ եղել։ Պետք է մուշտարիներին այցելել։ Երբ մյուս անգամ գնալու լինեք, ինձ էլ չե՞ք վերցնի հետներդ։

— Ուրախությամբ,— պատասխանեց Բերտան,— ես շուտով նորից կգնամ հագուստ չափելու։

— Այ, ինձ էլ վերցրու հետդ չափելու գնալիս։

Նա Բերտային չափազանց մոտ եկավ, ավելի մոտ, քան հարկավոր էր։

Նորություն չէր դա, ինչպես և նորություն չէր նրա ետին միտք ունեցող հանաքը։ Բերտան վաղուց ընտելացել էր դրան, բայց այսօր առանձնապես զզվելի էր այդ։ Բերտային չարանում էր և այն բանը, որ այդ մարդն է Աննայի մասին անպարկեշտությամբ խոսում։

— Նստենք, եթե ուզում ես,— առաջարկեց նա։

Նրանք նստեցին։ Գարլանը գրպանից հանեց լրագիրը։

— Ա՜խ ,— ակամա դուրս թռավ Բերտայի բերանից։

— Ուզո՞ւմ ես,— հարցրեց նա։

— Կինդ արդեն կարդացե՞լ է։

— Դրա մասին հարցնելու ի՞նչ կարիք կա,— ասաց արհամարհությամբ։ — Ես քե՞զ եմ հարցնում՝ ուզո՞ւմ ես։

— Եթե քեզ հարկավոր չէ...

— Քեզ համար՝ ուրախությամբ... Հա՞, ախր կարելի է միասին կարդալ։ — Նա մոտ քաշվեց Բերտային և լրագիրը բացեց:68