Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/71

Այս էջը սրբագրված է

Բերտայի դեմքը պարզվեց, նա ուրախացավ. Էմիլը Փրկիչի շքանշանն է ստացել, այն Էմիլը, որի նամակները ինքն այսօր կարդում էր... որը համբուրում էր իրան... որը մի անգամ գրել էր, թե երբեք ոչ ոքի այնքան ուժեղ չի սիրելու, ինչպես իրան՝ Բերտային, նույն Էմիլը, միակ մարդը, որ քիչ թե շատ հետաքրքրում էր իրան, իհարկե, բացի որդուց։ Բերտային թվում էր, թե այդ լուրը հատկապես իր համար է տպագրված, որ Էմիլը դիտմամբ այդ ձևն է ընտրել Բերտային իր մասին տեղեկություն տալու համար։ Գուցե իսկապես որ իր երեկվա տեսած մարդը Էմիլն էր։ Բերտային նորից թվում էր, որ ինքը մոտ է նրան։ Նա երջանիկ ժպիտով ժպտում էր և շշնջում. — Էմիլ Լինդբախը, բավարական արքայի սոլիստը... շնորհավորում եմ Ձեզ...

Հանկարծ նա կանգ առավ։ Նրա գլխում մի նոր միտք ծագեց։ Նա շտապով վեր ելավ, կապոտը վրան գցեց, վերցրեց մոմն ու հարևան սենյակը մտավ։ Այնտեղ նա նստեց սեղանի առջև և, առանց կանգ առնելու, կարծես մեկը թելադրելիս լիներ, միանգամից գրեց.

«Սիրելի Էմիլ,

Այս րոպեիս կարդացի լրագրում, որ սպանիական թագուհին քեզ Փրկչի շքանշանն է պարգևել։ Չգիտեմ, արդյոք հիշո՞ւմ ես ինձ,— նա ծիծաղեց այդ խոսքերը գրելիս,— բայց չեմ ուզում բաց թողնել այս առիթը քեզ շնորհավորելու քո բազմաթիվ հաջողությունների համար, որոնց մասին ես այնքան հաճախ և ուրախությամբ կարդում եմ։ Ես ապրում եմ մի փոքրիկ գավառական քաղաքում, ուր նետել է ինձ ճակատագիրը։ Ես շատ գոհ եմ և վատ չեմ ապրում։ Դու ինձ շատ կուրախացնեիր, եթե պատասխանեիր նամակիս։

Քո հին բարեկամուհին —
Բերտա։

Հ. Տ. Սրտագին բարև իմ որդուց՝ Ֆրիցից (5 տարեկան)»։

Նա վերջացրեց։ Արդյոք պե՞տք է հիշատակի, որ ինքն այրիացել է։ Սակայն այդ մասին Էմիլը իմացած չլինի էլ, նամակից կհասկանա։ Բերտան նորից կարդաց իր նամակն ու գոհ մնաց։ Ապա դրեց հասցեն՝ Էմիլ Լինդբախին։

71