Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/76

Այս էջը սրբագրված է

— Ես ուզում էի հարցնել ձեզ,— ասաց վերջապես նա,– ինչպե՞ս եք զգում ձեզ մեր ճանապարհորդությունից հետո։

— Շատ լավ,— պատասխանեց Աննան, գրեթե կոպիտ եղանակով, սակայն, մի րոպե չանցած, նրա դեմքը միանգամից փոխվեց, և նա իր խոսքը շարունակեց արդեն չափազանց սիրալիր կերպով.

— Ճիշտն ասած՝ ե՛ս պետք է հարցնեի, թե արդյոք դուք գո՞հ մնացիք, իսկ ինչ վերաբերվում է ինձ, ես ախր արդեն սովորել եմ դրան։

Այս խոսքերն արտասանելիս՝ նա լուսամուտից դուրս էր նայում։ Նրա հայացքը դեպի հրապարակի այն կողմն էր ուղղած, դեպի մի բաց պատուհան, ուր խեցիներով ծաղիկներ էին դրված։

Խաղաղություն էր տիրում։ Քնկոտ քաղաքի վրա ամառվա արև օրվա անձայնությունն էր իշխում։ Բերտան ուզում էր մոտ նստել Աննային, զգալ նրա քնքույշ գգվանքը, սակայն հանկարծ մի խղճահարություն զգաց դեպի նա։ Իր համար այդ ամենը մի հանելուկ էր։ Բերտան ակամա հարց էր տալիս ինքն իրան՝ ինչո՞ւ եկավ այստեղ, ի՞նչ էր ուզում ասել Աննային։ Թե՝ ես վաղը պիտի տեսակցությա՞ն գնամ իմ պատանության ընկերի հետ։ Բայց տիկին Ռուպիուսին ինչ։ Մի՞թե ահա բանը կարող էր մազաչափ հետաքրքրել Աննային։ Ահա նա նստած է այստեղ, անտարբեր, անմասնակից, կարծես անթափանցելի զրահով պատած։ Բերտան չգիտեր, թե ի՞նչ ձևով պիտի մոտենա Աննային։ Անշուշտ, կար մի խոսք, որ կարող էր ճանապարհ բանալ, մատչելի դարձնել այդ կնոջը, բայց Բերտան չգիտե այդ խոսքը։

— Ինչպե՞ս է ձեր որդին,— հարցրեց Աննան, առանց հեռացնելու իր աչքերը այն դիմացի պատուհանի ծաղիկներից։

— Նա առողջ է, ինչպես և միշտ։ Նա շատ ժիր ու անսահման բարի երեխա է։ — Վերջին խոսքերը Բերտան մի առանձին քնքշությամբ արտասանեց, կարծես ուզում էր դրանով գրավել տիկին Ռուպիուսին։

— Այո, իհարկե,— ասաց Աննան, և նրա ձայնում հնչում էր՝ իհարկե, ես դրա համար էլ հարցնում եմ։

Մի րոպե անց նա հարցրեց.

— Իսկ ձեր նաժիշտը լա՞վն է:

76