Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/8

Այս էջը սրբագրված է

են հակադիր, առաջին հայացքից անբացատրելի մղումներ, սկզբում՝ սիրած երիտասարդի հետ հանդիպելու բուռն ձգտում, ապա՝ կառքի վթարն ու Ֆրանցի մահացու վիրավորվելը տեսնելուց հետո, նրան լքելու և հրապարակային խայտառակությունից փրկվելու բնազդային ցանկություն և, վերջապես, ընտանիքի խաղաղ հարկի տակ վերադառնալաց հետո, ամուսնուն ամեն ինչ խոստովանելու անսպասելի վճիռ։ 1897 թ. գրած այս պատմվածքը շատ կողմերով ծրագրային նշանակություն ուներ Շնիցլերի ողջ ստեղծագործության համար։ «Փոքր տարածության» վրա այն ներկայացնում է հոգեբանական առեղծվածների մի բարդ շղթա, որը մանրամասն վերլուծության դեպքում կարող էր դառնալ մի ամբողջ վեպի նյութ։ Նշանավոր քննադատ Գեորգ Բրանդեսը այս պատմվածքն անվանել է «հիրավի վարպետ ստեղծագործություն», որը տալիս է «կանացի սրտի վերլուծությունը՝ անվրեպ ձեռքով և անվրեպ աչքով»։

Հիվանդագին զգացմունքների և խոհերի զարգացման մանրամասն պատմությունն է դրված «Մահացում» վիպակի հիմքում։ Անբուժելի հիվանդությամբ տառապող երիտասարդ հերոսի՝ Ֆելիքսի, դանդաղ մահացման ընթացքը, նրա ֆիզիկական և հոգեկան տառապանքի աստիճանական խորացումը, սիրուհու նկատմամբ անձնազոհ տրամադրությունից մինչև եսակենտրոն խոհերն ու, նույնիսկ, Մարիին իր հետ «այն աշխարհը տանելու» ցանկությունը,— այս ամենը ներկայացված է գրեթե կլինիկական ճշգրտությամբ ու մանրամասներով։ Անտարակույս, դա Շնիցլերի տուրքն էր «էքսպերիմենտալ վեպի» նատուրալիստական տեսությանը, որը շատ կողմերով գրավում էր «Երիտասարդ Վիեննա» խմբի մասնակիցներին:

Ա. Շնիցլերի ամենահայտնի, միջազգային ճանաչում գտած երկերից մեկը «Լեյտենանտ Գուստլ» պատմվածքն է։ Այստեղ գրողն անդրադարձել է իրեն շատ լավ ծանոթ մի ուրիշ աշխարհի՝ ավստրիական սպայության բարքերի պատկերմանը։ Լեյտենանտ Գուստլը՝ ավստրիական բանակի ցուցադրական «պատվի կոդեքսով» դաստիարակված, բայց իրականում՝ չնչին մարդկային մի արարած, ծանրագույն վիճակի մեջ է ընկնում թատրոնում ունեցած պատահական ընդհարման և ստացած վիրավորանքի պատճառով։ Չկարողանալով վրեժ

8