սեղմելիս, Ռիխարդը սղմում էր իր ոտքը։ Այդ միջոցին ներս մտավ Էլլին և համբուրեց Բերտային։
— Ես բոլորովին մոռացա,— ասաց Ռիխարդը և, առանց նվագը ընդհատելու, իր շրթունքներով գրեթե հպվեց Բերտայի թշին։
Ներս մտավ տագերկինը. հիվանդոտ, ուռած դեմքով։ Նա, բանալիներով աղմուկ հանելով, միևնույն ժամանակ գրեթե անհնչյուն ձայնով ասաց.
— Ես Բրիգիտային դուրս արի, նա անտանելի էր։
— Ուզո՞ւմ ես՝ քեզ համար Վիեննայից մի աղախին բերեմ,— ասաց Բերտան, և նա ստում էր, թե հորաքրոջ աղջիկը նրան նորից հրավիրել է, և հնարում էր զանազան պատմություններ, զարդարում իր սուտը մի այնպիսի թեթևությամբ, որ իրան էլ զարմացրեք։
Ներքին ուրախությունը գրգռում էր նրան, և նույնիսկ այն բանը, որ իր հետ կարող էր գնալ տագրը, արդեն չէր վախեցնում նրան։
— Ինչքա՞ն պիտի մնաս այնտեղ,— հարցրեց տագերկինը։
— Երկու-երեք օր, ոչ ավել։ Երկուշաբթի ես, միևնույն է, պիտի գնայի դերձակուհու մոտ։
Ռիխարդը թմբկահարում էր կլավիշների վրա։ Էլլին կանգնած էր դաշնամուրին հենված և Բերտային գրեթե ահով էր նայում։
Բերտան ակամա բացականչեց,
— Ի՞նչ է պատահել քեզ։
Էլլին հարցրեց.
— Ի՞նչ։
— Դու ինձ այնպես տարօրինակ կերպով ես նայում, կարծես դժգո՞հ ես, որ երկու օր դաս չես ունենալու։
— Ոչ,— պատասխանեց Էլլին և ժպտաց,— դա չէ... բայց ... ոչ, ես չեմ կարող ասել։
— Հապա ի՞նչն է,— պնդում էր Բերտան։
— Խնդրեմ, մի՜ հարցնի, ճշմարի՜տ, ես չեմ կարող ասել,— ասաց Էլլին և պաղատագին դեմքով սեղմվեց Բերտային։
— Էլլի,– ասաց մայրը,— ես տանել չեմ կարող քո գաղտնիքները։80