Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/84

Այս էջը սրբագրված է

Արցունքները չէին պատում նրա աչքերը։ Նրա սրտում ոչ գորով կար, ոչ ահ։ Նա բոլորովին չէր մտածում այն մասին, որ մեռելների վրա է ման գալիս, որ ահա այստեղ, իր առջևը նրա աճյունն է, այն մարդու, որն իրան մի ժամանակ սեղմում էր իր գրկում։

Հանկարծ նա ավազի վրա քայլող մարդու ինչ-որ ոտնաձայն լսեց։ Մեկը շտապով գալիս էր այնպես արագ, ինչպես այստեղ ոչ ոք սովորաբար չի ման գալիս։ Նա ետ նայեց գրեթե վիրավորված։ Նրա առջև կանգնած էր Կլինգեմանը։ Նա մի ձեռքում պահում էր իր ծղոտե գլխարկը, որ թելով վերարկուի կոճակին էր ամրացրած։ Նա բարևեց Բերտային՝ խոր գլուխ տալով։

— Ի՜նչ անսպասելի հանդիպում,— բացականչեց Բերտան։

— Ոչ, սա պատահականություն չէ։ Ես հեռվից նկատեցի ու քայլվածքից ճանաչեցի ձեզ։ —Նա խոսում էր բարձրաձայն, և Բերտայի բերանից մի ակամա բացականչություն դուրս թռավ:

— Ս-սը՜ը։

Կլինգեմանի երեսին մի հեգնական ժպիտ խաղաց, և նա իրար սեղմած ատամների միջից արտասանեց.

—Չի՛ արթնանա։

Բերտան այնպես ապշած էր այդ պատասխանից, որ չգիտեր՝ ինչ ասե։ Նա Ֆրիցին կանչեց և ուզում էր հեռանալ, բայց Կլինգեմանը շտապով նրա ձեռքից բռնեք և աչքերը ցած թեքելով, ասաց.

— Մնացե՛ք։

Բերտան աչքերը լայն բաց արեց։ Նա ոչինչ չէր հասկանում։

Կլինգեմանը աչքերը վեր բարձրացրեց և ուղիղ նրա երեսին նայելով, ասաց.

— Ես սիրում եմ ձեզ.

Բերտան մի թեթև ճիչ արձակեց։ Կլինգեմանը բաց թողեց նրա ձեռքն ու շարունակեց թեթև խոսակցության եղանակով.

— Դա ձեզ զարմացնո՞ւմ է։

— Դա մի չլսված, չլսված բան է,— և նա նորից դեպի ելքը շարժվեց ու կանչեց որդուն.

— Ֆրի՜ց.

84