Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/88

Այս էջը սրբագրված է

բոլոր կարգին կանայք, որոնց ինքը ճանաչում է, որպես իր վաղուց մեռած մայրը, որպես Ագաթան, որպես տիկին Մալմանը, որպես բժիշկ Մարտինի կինը, որպես տագերկինը, որպես... այո, իհարկե, որպես Աննան, նա էլ ուզում է պատկանել միմիայն նրան, ով որ պսակվել էր իրա հետ։

Հանկարծ նրան այրեց մի միտք՝ իսկ եթե Էմիլը... Նա սարսափեց։ Նա աշխատում էր հեռու վանել այդ միտքը։ Ո՛չ, այդպիսի հանդուգն մտքերով նա չպետք է գնա Վիեննա։

Նա հռչակավոր արտիստ է, իսկ ինքը՝ մի խեղճ այրի, երեխայով։ Ո՞չ, ո՞չ։ Նա մի անգամ էլ կտեսնի Էմիլին... Այո՛, մուզեյում, նիդերլանդցիների մոտ... Մի վերջին անգամ։ Այդպես կասե Էմիլին, որ ինքը ուզում էր միայն տեսնել նրան վերջին անգամ։ Ինքնագոհ ժպիտով Բերտան պատկերացնում է Էմիլի հիասթափ դեմքը և ինքն իր երեսին խիստ արտահայտություն է տալիս։ Բերտան գիտե, թե ի՞նչ կասե նրան։

— Օ, ոչ, Էմիլ, եթե դու այդպես ես կարծում...

Բայց չպետք է չափից դուրս կտրուկ լինել, որ այնպես դուրս չգա, ինչպես այն ժամանակ, տասներկու տարի առաջ, երբ ինքը միանգամից փակեց Էմիլի բերանը։ Էմիլը պետք է խնդրե իրան և երկրորդ և երրորդ անգամ, օ, աստված, նա պիտի խնդրե, մինչև որ, վերջապես, ինքն անձնատուր կլինի։ Նույնիսկ այստեղ, այս առաքինի, ազնիվ մարդկանց մեջ, որոնց թվին ինքն այլևս չի պատկանում, զգում է, որ չի կարողանալու մերժել, եթե Էմիլը պնդե։ Նա գնում է Վիեննա միմիայն նրա համար, որ Էմիլի սիրուհին դառնա, իսկ հետո, եթե հարկավոր լինի, պատրաստ է անգամ մեռնելու։

Մյուս օրը, ճաշից հետո, Բերտան գնաց։ Օրը շոգ էր։ Կաշեպատ նստարանները արևից տաքացել էին։ Բերտան պատուհանը բաց արեց ու իջեցրեց դեղին, վարագույրը, որը քամուց ծածանվում էր, մեկ ներս ընկնում, մեկ՝ դուրս։

Նա մենակ էր։ Նա չէր էլ մտածում այն մասին, թե ո՞ւր է գնում, ո՞ւմ մոտ է գնում և ի՞նչ կարող է պատահել։ Նա շարունակ լսում էր այն տարօրինակ խոսքերը, որ լսել էր հեռանալուդ առաջ։ Նա հաճությամբ կմոռանար այդ խոսքերը գոնե այս մի քանի օրվա համար։ Ինչո՞ւ նա տանը չմնաց ճաշից հետո, այդ մի քանի ժամը, մինչև գնացքի հեռանալը։

Ի՞նչ ներքին անհանգստություն ստիպեց նրան այդ անտանելի88