շոգ օրը դուրս գալ փողոց, շուկա և անցնել այն տան մոտով, ուր Ռուպիուսներն էին ապրում։ Ռուպիուսը բալկոնում նստած՝ սպիտակ սալահատակին էր հառել իր հայացքը։ Նրա ծնկներին մի մոխրագույն պլեդ էր գցած, որի ծայրերը պատշգամբի ճաղերի միջից դուրս էին կախվել։ Նրա առջևը, սեղանի վրա, գրաֆինով ջուր էր դրած և սառույց։ Բերտային նկատելով նա նայեց նրան և իր մոտ կանչեց հայացքի աղերսական մի արտահայտությամբ ու գլխի թեթև շարժումով։
Ինչո՞ւ Բերտան հնազանդեց նրա կանչին։ Ինչո՞ւ այն մի հասարակ բարևի տեղ չընդունեց ու չանցավ։
Երբ նա, կարծես, հպատակվելով Ռուպիուսի կանչին, մոտեցավ տան մուտքին, նկատեց, որ մի երախտագիտական ժպիտ լուսավորեց Ռուպիուսի գունատ դեմքը։ Հով կիսամութ սենյակով նա անցավ պատշգամբը և այնտեղ դարձյալ նկատեց Ռուպիուսի դեմքի վրա այդ ժպիտը, երբ նա իրան ձեռքն էր մեկնում։
— Ինչպե՞ս եք,— հարցրեց Բերտան, նստելով սեղանի կողքին, նրա մոտ։
Մի րոպե նա լուռ էր։ Հետո Բերտան նրա դեմքի արտահայտությունից հասկացավ, որ նա մի բան ուզում է ասել, բայց խոսքերը չեն հպատակվում իրան։ Վերջապես նա մի սարսափելի ույժ գործ դրեց և գրեթե ճչալով արտասանեց.
— Նա ուզում է... — Հետո, կարծես, ինքն իր աղաղակեց վախեցած, ավելացրեց բոլորովին կամաց.— ինձ թողնել։ Իմ կինս ուզում է թողնել ինձ։
Բերտան ակամա ետ նայեց։
Ռուպիուսը ձեռքը բարձրացրեց՝ հանգստացնելով նրան.
— Նա մեզ չի լսում, նա քնած է իր սենյակում։
Բերտան բոլորովին շփոթվեց.
— Որտեղի՞ց գիտեք դուք,— ասաց նա։ — Դա անկարելի է...
— Նա ուզում է առժամանակ գնալ... ինչպես ինքն է ասում... առժամանակ... հասկանո՞ւմ եք դուք։
— Այո՛, երևի իր եղբոր մո՞տ:
— Ընդմիշտ է ուզում հեռանալ, ընդմի՜շտ։ Իհարկե, նա հո չի կարող ինձ ասել. «Մնաս բարով, դու այլևս ինձ չես տեսնի»։ Դրա փոխարեն նա ասում է. «Ես ուզում եմ մի քիչ