Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/90

Այս էջը սրբագրված է

ճանապարհորդել, ինձ հանգստություն է հարկավոր, ես կուզեի միառժամանակ ծովափին ապրել, լողանալ, ուրիշ օդ ծծել»: Նա, իհարկե, ինձ չի ասում. «Ես ջահիլ եմ, առողջ, ծաղկում եմ, իսկ դու անդամալայծ ես և շուտով կմեռնես, զզվելի է ինձ քո հիվանդությունը և սարսափելի այն, որ սպասում է քեզ մահից առաջ»։ Դրա համար էլ նա ասում է ինձ, «Ես ուզում եմ գնալ միայն կարճ ժամանակով, հետո կվերադառնամ ու կմնամ քեզ հետ»։

Բերտան հուզված ու շփոթված՝ միայն մի բան կարողացավ ասել.

— Անպատճառ դուք սխալ կլինեք։

Ռուպիուսը ծնկներից ցած սողացող պլեդը վեր քաշեց։ Կարծես նա դողում էր։ Խոսակցության ընթացքում քանի գնում՝ նա պլեդը ավելի ու ավելի վեր էր քաշում, և, վերջապես, փաթաթվեց նրանով։

— Ես վաղուց էի նախատեսնում այդ։ Տարիներով ես սպասում էի այդ սարսափելի րոպեին։ Միտք արեք, տեսե՛ք՝ ինչ կյանք էր դա՝ նախատեսնել, լինել անօգնական և լռել, լռել։ Ինչո՞ւ եք ինձ այդպես նայում։

— Ոչինչ,– պատասխանեց Բերտան շփոթված և դեպի հրապարակը նայեց։

— Ներեցեք, որ ես ձեր առաջ խոսք բացի այդ մասին: Ես չէի ուզում, բայց երբ տեսա, որ դուք անցնում եք... Դեհ, շնորհակալություն, որ լսեցիք։

— Ի՞նչ եք ասում,— բացականչեց Բերտան և ակամա ձեռքը նրան պարզեց, բայց Ռուպիուսը չնկատեց այդ, և նա ձեռքը սեղանին դրեց։

— Հիմա ամեն ինչ վերջացած է,— շարունակեց Ռուպիուսը։ — Ինձ այժմ միայն մենությունն է մնում և դրա հետ՝ մյուս սարսափները։

— Բայց ախր ձեր կինը... նա սիրում է ձեզ... Ես համոզված եմ, որ դուք իզուր եք անհանգստանում։ Ամենից լավն այն կլիներ, եթե խնդրեիք, որ նա հրաժարվի իր այդ ճանապարհորդությունից։

— Խնդրե՞լ,— ասաց նա գոռոզությամբ։ — Արդյոք ես իրավունք ունե՞մ այդ անելու։ Առանց այդ էլ այս վեց-յոթ տարվա միասին անցկացրած կյանքը մի ողորմություն էր

90