Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/92

Այս էջը սրբագրված է

անգամ չէր կարող։ Այդ հիշողության ծանրությունը ավելի զորեղ էր, քան առաջիկա խնդության սպասումը։ Եվ քանի մոտենում էր նա մեծ քաղաքին, այնքան ավելի ծանրանում էր սիրտը։ Նա մտածում էր առաջիկա մենավոր երեկոյի մասին և իրան այնպես էր զգում, կարծես օտար երկիր էր գնում, դեպի մի անհայտություն, առանց որևէ հույս ունենալու։ Նամակը, որ դեռ պահում էր կորսետի տակ, այժմ կորցրել էր իր հմայքը, այժմ դա մի հասարակ, ծայրերը մաշված թղթի կտոր էր, որ խշխշում էր զգեստի տակ։ Նա աշխատում էր հիշողության մեջ հարուցանել Էմիլի պատկերը։ Նրա առաջ անցնում էին Էմիլին նման դեմքեր, սակայն հենց որ նրան թվում էր, թե ահա նա գտավ իսկականը, դեմքը օդն էր ցնդում, կորչում մշուշի մեջ։ Նա սկսում էր տարակուսել գուցե չպե՞տք էր այսօր գնալ։ Ավելի լավ չէ՞ր լինի՝ սպասել մինչև երկուշաբթի։ Նրան տանջում էր այն միտքը, որ տեսակցության է գնում, որ գնում է մի մարդու մոտ, որին տասը տարի է՝ չէ տեսել, որը, գուցե, վաղը տեսնելու է մի կնոջ, որ իր սպասածին բոլորովին նման չէ։ Ահա թե ինչն էր, որ անհանգստացնում ու շփոթեցնում էր Բերտային։ Նա այժմ հասկանում է այդ։ Այդ նամակը, որ արդեն սկսել էր քերծել իր քնքույշ կաշին, գրած էր այն քսան տարեկան Բերտային և ոչ թե սրան։ Չէ՞ որ Էմիլը չգիտե, թե ինչ տեսք ունի Բերտան այժմ։

Իզուր էր աշխատում նա համոզել ինքն իրան, որ իր դեմքի գծերը կուսական-մաքուր են մնացել, ինչպես առաջ էին, որ իր ամբողջ կերպարանքը նույն գծագրությունն է պահպանել, որ ուներ պատանության տարիներում, միայն այժմ նա ավելի շքեղ է։ Սակայն, այնուամենայնիվ, նա կարող է հանկարծ նկատել փոփոխություններ, որոնք տեղի են ունեցել այդ ժամանակի ընթացքում և աննկատելի են իր՝ Բերտայի համար։

Կլոշտեռնեյբուրգ։ Նրա ականջին ջահիլ, թարմ ձայներ հասան և ինչ-որ ոտնաձայն։ Նա լուսամուտից դուրս նայեց։ Աշակերտների մի խումբ էր, որ ծիծաղելով ու բարձր խոսելով՝ վագոններն էր մտնում։ Նա ակամա հիշեց իր եղբայրներին, որոնք մանուկ հասակում վերադառնում էին գյուղական էքսկուրսիաներից։ Եվ հանկարծ նրա աչքերի առջև կանգնեց92