Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/93

Այս էջը սրբագրված է

այն կապույտ սենյակը, ուր նրանք քնում էին այդ ժամանակ։

Նրան մի ահ տիրեց, ամբողջ մարմնովը մի դող անցավ, երբ մտածեց, որ արդեն անհետացել է ամբողջ անցյալը, մեռել են այն մարդիկ, որոնք իրան այս աշխարհ են բերել, այն մարդիկ, որոնց հետ ինքը ապրել է տարիներ, օր ավուր իրար հետևից, կտրվել են այն կապերը, որ, կարծես, անքակ պիտի մնային առմիշտ։ Որքան արագասահ, անցողական է ամեն ինչ։ Իսկ նա՞... Նա իրան այնպես է գրել իր նամակը, կարծես ոչինչ չի փոխվել այդ տասը տարվա ընթացքում, կարծես այդ ժամանակի ընթացքում չի եղել ոչ մի թաղում, ոչ մի ծնունդ, ոչ վիշտ, ոչ հիվանդություն, ոչ հոգս, այլ, ընդհակառակը, գոնե նրա համար այնքա՜ն երջանկություն և փառք է բերել կյանքը։

Բերտան ակամա գլուխն օրորեց։ Նրա հոգու մեջ ներս սողաց մի շփոթմունք այդ բոլոր խորհրդավոր ու անհասկանալի բաների ճնշման տակ։ Եվ նույնիսկ գնացքի դղրդյունը նրան տխրության մի երգ էր թվում, թեպետ այդ գնացքը իրան դեպի չճաշակված տպավորություններ էր սլացնում։ Նա այն վաղ ժամանակի մասին էր մտածում, երբ ինքը ապրում էր հանգիստ ու գոհ իր վիճակից, ազատ ցանկություններից, ափսոսանքից, շփոթմունքից։ Ինչպե՞ս այդ հորձանքը անակնկալ հարձակվեց իր վրա։ Նա չէր կարողանում հասկանալ այդ։

Գնացքը քանի գնում՝ ավելի ու ավելի արագ էր շարժվում։ Դեմուդեմը կարծես ինչ-որ անդունդի վրա բարձրանում է մեծ քաղաքի ծուխը։ Բերտայի սիրտը սկսեց բաբախել։ Նրան թվում էր, թե իրան սպասում է մի անորոշ, անասելի բան, որը պատրաստ է իրան կուլ տալու, ինչ-որ հարյուր ձեռանի բան, որ պատրաստ է իրան բռնելու։ Կարծես ամեն տուն, որի մոտով նա անցնում էր, գիտեր, թե ինչի համար է գնում ինքը։ Մայրամուտի արևը, որ փայլում էր տանիքների վրա, ուղիղ նրա վրա էր նայում, երբ գնացքը կանգ առավ կայարանի մոտ։ Նա զգաց, որ արդեն կորած է։

Հիմա նա զգաց, որ Վիեննա է հասել, որը իր Վիեննան է, իր ջահիլության, իր երազների քաղաքը, իր հայրենիքը։ Մինչև հիմա այդ մասին նա չէր մտածել։ Տնից չի եկել նա,այլ տուն։ Կայարանի իրարանցումը, կառքերիր գռգռոցն ու

93