Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/94

Այս էջը սրբագրված է

մարդիկ զվարթացրին նրան, և տխրությունն իսկույն անհետացավ։

Ահա կանգնած է նա, ջահիլ, սիրուն Բերտա Գարլանը, այս ջերմ մայիսյան երեկոյին Վիեննայում, Ֆրանց-Հովսեփի կայարանում։ Նա ազատ է և ոչ ոքին պարտավոր չէ հաշիվ տալու իր վարմունքների համար։ Իսկ վաղը նա նորից կտեսնի այն միակ մարդուն, որին նա մի ժամանակ սիրել է, իր սիրածին, որը իրան կանչել է այստեղ։

Նա իջևանեց կայարանին մոտ գտնվող մի փոքրիկ հյուրանոցում։ Նա վճռել էր ոչ այնքան շքեղ տեղ իջևանել, նախ՝ այն պատճառով, որ դա էժան կնստի, և հետո, որովհետև նա քաշվում էր էլեգանտ սպասավորներից ու ծառաներից։ Նա երրորդ հարկում ընտրեց մի սենյակ, որի լուսամուտները փողոց էին նայում։ Սպասուհին փակեց լուսամուտն ու թարմ ջուր բերեց։ Ծառան նրա սնդուկը վառարանի մոտ տեղավորեց, ապա սպասավորը բերեց այն գիրքը, ուր գրվում էին եկող-գնացողների անունները։ Բերտան անբասիր մարդու վստահությամբ գրեց իր անունն այդ գրքում։ Նա ինքն իրան թեթև ու ազատ էր զգում։ Ոչ մի բան չէր հիշեցնում նրան ընտանեկան հոգսերը, ոչ մի պարտականություն չկար նրա վրա, չկային պարտավորյալ խոսակցությունները ազգականների ու ծանոթների հետ։ Նա կարող էր այս երեկո անել ինչ և կամենար։

Նա հագուստը փոխեց, ապա բաց արեց պատուհանը։ Պետք էր արդեն մոմը վառել, բայց փողոցում դեռ բոլորովին չէր մթնել։ Նա պատուհանին ընկած՝ սկսեց ցած նայել։ Նորից մտաբերեց իր մանկությունը։ Ահա հենց այդպես նայում էր ինքը պատուհաններից, և այդ ժամանակ իր եղբայրներից որևէ մեկը ետևից մոտենում էր, ձեռները դնում էր ուսերին և իր գլխի վրայով դուրս նայում։ Նա մտաբերեց իր ծնողներին։ Նրանք այնքան կենդանի պատկերացան, որ նրա աչքերը արցունքով լցվեցին։

Ներքևում լապտերները վառվեցին։ Պետք էր մի բան ձեռնարկել։ Հանկարծ նրա միտքն ընկավ, որ վաղը այս ժամին... Նա չէր կարողանում երևակայել այդ։ Այդ րոպեին պատուհանի տակից մի կառք անցավ, որի վրա մի կին ու մի տղամարդ էր նստած։ Եթե ամեն ինչ իր ասածի պես լիներ, վաղը94