Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/102

Այս էջը հաստատված է

քիմիական նյութեր։ Կենցաղային պայմաններում կրծողների դեմ պայքարելու համար թողարկվում է զոոկումարին։

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ, տարբերում են համատեղված (բոլոր սանտեխնիկական սարքերը, ներառյալ զուգարանակոնքը, տեղավորված են միասին) և անջատ (զուգարանակոնքը տեղավորված է առանձնացված զուգարանում) Ս. հ-ներ։ Ս. հ-ի սենյակներում հատակն ու պատերը պետք է երեսպատված լինեն ջրակայուն նյութերով։

Սանտեխնիկական սարքերը հիմնականում սպիտակ են, լինում են նաև տարբեր գույների ու երանգների սարքերի լրակազմեր, ինչը թույլ է տալիս բազմազանություն մտցնել Ս. հ-ի սենյակների ձևավորման մեջ։

Ս. հ-ի սենյակներն ունեն խիստ որոշակի նշանակություն, ուստի դրանց արտաքին տեսքը կանխորոշված է։ Այդ սենյակների պատերը երեսպատվում են ջնարակված սալիկներով, առնվազն 1,5 մ բարձրությամբ, բայց ավելի լավ է երեսպատել 2,1 մ բարձրությամբ կամ մինչև առաստաղը։ Պատերի այդպիսի հարդարվածքն առավել դիմացկուն է և հիգիենիկ, կարելի է օգտագործել նաև շերտավոր պլաստիկ, պոլիմերային թաղանթներ, բազմաստիրոլային սալիկներ կամ յուղաներկ։ Պատերի մնացած մասը և առաստաղն ամենից լավ է ներկել սպիտակ ջրաէմուլսային ներկով, որպեսզի խոնավությունը լավ կլանվի։ Ոչ մեծ լողասենյակներում երեսպատման համար խորհուրդ է տրվում կիրառել մաքուր, սառը երանգների (օրինակ, բաց երկնագույն կամ սպիտակ) սալիկներ, որովհետև այդ գույները կարծես մեծացնում են սենյակը։ Եթե սանտեխնիկական սարքերը գունավոր են, հարկավոր է ընտրել նույն գույնի կամ սպիտակ սալիկներ։ Սպիտակ նախշազարդ սալիկի նախշի գույնը նույնպես պետք է ներդաշնակի սարքերի գույնի հետ։

Սանիտարական սենյակների հատակը պատում են մետլախե կամ մինչև 1 սմ հաստությամբ խեցե ջնարակված սալիկներով։ Հատակի գույնը նույնպես պետք է ներդաշնակի պատերի ու սարքերի գույնի հետ։

Խորհուրդ է տրվում լվացարանի վերևում կախել արդուզարդի պիտույքների փոքրիկ դարակ (ձեռքի օճառի համար հարմար է մագնիսական օճառակալը), դարակի վերևում հայելի, որը կարծես մեծացնում է ոչ մեծ լողասենյակի չափերը։ Եթե հարկավոր է հայելին «ընկղմել» պատի մեջ, ապա դրա չափերը պետք է ճշգրիտ որոշվեն ըստ սալիկների չափերի՝ հաշվի առնելով կարանները։ Հայելին կարող է լինել մակադիր և ամրացվել հատուկ պտուտակներով։

Հարմար է հայելավոր դռներով ոչ խորը պահարանը։ Հայելու վերևում կամ կողքերին կարելի է տեղակայել որմնալամպեր։ Նպատակահարմար է նաև հայելու կողքին Էլեկտրաածելու համար ունենալ խրոցի վարդակ, որը տեղադրելիս հարկավոր է պահպանել անվտանգության կանոնները։

Որպեսզի ցնցուղից ջուրը չթափվի հատակին, խորհուրդ է տրվում լողասենյակում վարագույր կախել։ Վարագուրաձողն ամրացնում են լոգնոցի կամ ցնցուղի տաշտի առջևի եզրից վերև՝ հատակից 2 մ բարձրությամբ։ Վարագույրի ստորին մասը պետք է 10-15 սմ կախվի լոգնոցի մեջ։ Լոգնոցից դուրս գալը հեշտացնելու համար նպատակահարմար է լոգնոցի երկայնքով, պատի վրա բռնակ տեղադրել։ Պատին կամ լոգնոցի կողին հարկավոր է ամրացնել օճառաման, սրբիչների համար հատուկ բռնիչ կամ եռաճյուղ կախարան, ինչպես նաև կեռիկ խալաթի համար։ Լոգնոցի ճակատային մասը սովորաբար ծածկում են ջնարակած խեցե սալիկներով կամ պլաստիկից պատրաստված պանելով։ Այն 5-8 մմ-ով պետք է բարձր լինի հատակից, որպեսզի լվացքի և երեխաներին լողացնելու ժամանակ հարմար լինի լոգնոցից օգտվելը։ Եթե ջեռուցման և տաք ջրամատակարարման խողովակների դասավորությունը թույլ է տալիս, ապա լավ կլինի լոգնոցի կողաճակատին սրբիչների չորուցիչ տեղակայել։ Լվացքը չորացնելու համար լոգնոցի վերևում, պատին ամրացնում են հատուկ ծալովի շրջանակ կամ լաթերով թմբուկ։ Օգտագործած սպիտակեղենը ժամանակավորապես պահելու համար խորհուրդ է տրվում լողասենյակում տեղադրել կափարիչավոր ոչ մեծ արկղ, որի պատերին կան օդափոխության