անցքեր։ Այդ արկղը կարող է ծառայել նաև որպես աթոռակ։ Խորհուրդ է տրվում լվացամիջոցները պահելու համար լողասենյակում ունենալ կախովի փոքրիկ պահարան։
Թուջե լոգնոցի պոկված արծնը կարելի է վերականգնել չոր սպիտականերկով և ԲՖ-2 սոսնձով։ Դրա համար թուջի մակերևույթը հարկավոր է մաքրել հղկաթղթով, ապա բենզինով և լավ չորացնել, այնուհետև քսել սոսնձի բարակ շերտ՝ մի փոքր չոր սպիտականերկ խառնելով։ Սոսինձն ու ներկը պետք է քսել մի քանի շերտով, 1-1,5 ժամ ընդմիջումով, մինչև դրանց հաստությունը հավասարվի լոգնոցի արծնի հաստությանը։ Ծածկույթը վերջնականապես պնդանում է 4 օրվա ընթացքում, 18 °C-ից ոչ պակաս ջերմաստիճանում։
Զուգարանում, զուգարանակոնքի կողքի պատին ամրացնում են զուգարանի թղթի կալիչ, հատակին դնում են հատուկ խոզանակ՝ զուգարանակոնքը լվանալու համար։
Ս. հ-ների մեծ մասում գեղեցկության և հարմարավետության ստեղծմանը նպաստում են ոչ թե յուրօրինակ սարքերը կամ երեսպատման սալիկների արտասովոր գույնը, այլ միասնական գունային լուծումը։ Դա վերաբերում է նաև հարմարավետության համար դրված լրացուցիչ առարկաներին ու մանրուքներին։
ՍԱՆՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ, բնակարաններում և առանձնատներում տեղադրվում են հետևյալ Ս. ս.՝ ջրմուղի ծորակ, վենտիլ (փական), խառնիչ, լվացակոնք (լվացարան), լոգնոց, զուգարանակոնք, ողողման բաք, բիդե, պոմպ (հիմնականում գյուղական վայրերում)։
Վենտիլները տեղադրում են տաք և սառը ջրի խողովակների մուտքի մասերում (նորոգման և վթարի դեպքում փակելու համար), ինչպես նաև այգեգործական հողամասերի ջրամատակարարման գլխավոր գծերի ճյուղավորման հատվածներում (օրինակ, ճկափող միացնելու համար)։ Ծորակներն ամրացնում են խողովակների ծայրերին՝ ջրառման մասերում։ Վենտիլները և ծորակները բաղկացած են իրանից և վենտիլային գլխիկից։ Վենտիլի (նկ. 1) իրանն ունի պարուրակավոր երկու անցք՝ խողովակները միացնելու համար, իսկ ծորակի (նկ. 2) կոնաձև մասը պարուրակավոր մեկ անցք՝ ջրախողովակի ծայրին միացնելու համար։ Վենտիլը տեղադրում են այնպես, որ իրանին նշված սլաքի և ջրի հոսքի ուղղությունները համընկնեն։ Վենտիլների գլխիկները լինում են պտտական-համընթաց կամ հետադարձ-համընթաց շարժվող կափույրներով (նկ. 3)։ Երկրորդ տեսակի գլխիկների ռետինե միջադիրն ավելի երկար է ծառայում, քանի որ կափույրը միայն համընթաց շարժվելով միջադիրը չի քերում, այլ սեղմում է թամբին։
Փակ ծորակից կամ վենտիլից ջուրը ծորում կամ կաթում է, եթե կափույրի միջադիրը, կոթի պարուրակը, խցուկները, ինչպես նաև ծորակի և գլխիկի իրանների միջադիրը մաշված են։
Կափույրի մաշված միջադիրը փոխելիս փակում են համապատասխան խողովակի վենտիլը։ Մանեկադարձակով պտուտականում են վենտիլի գլխիկը և փոխում միջադիրը կամ նոր կափույր դնում։ Միջադիր չունենալու դեպքում այն կարելի է պատրաստել հաստ ռետինաթերթից կամ 3,5 մմ-ից ոչ պակաս հաստության կաշենմանակից։ Որպեսզի ծորակը չդռդռա, միջադիրի եզրերը մկրատով կտրում են 45° անկյունով (նկ. 4, ձախից)։ Մանրածակոտկեն ռետինը և պլաստմասսան միջադիրի համար պիտանի չեն։ Երբեմն միջադիրը պատրաստում են կաշվի մի քանի շերտից (միայն սառը ջրի ծորակի համար)։ Շերտերը կտրում են՝ միջադիրին տալով կոնի տեսք, որ տեղավորվի թամբի անցքում (նկ. 4, աջից)։ Այս եղանակը կիրառում են խախտված եզրով թամբի դեպքում, երբ հարթ միջադիրը կիպ չի նստում։ Միջադիրը կարելի է պատրաստել նաև ռետինե ներբանից։
Կոթից ջրի հոսելը վկայում է խցուկի խծուծվածքի մաշվածության մասին։ Խցուկը կիպացնելու համար մանեկադարձակով ձգում են ականոցը։ Եթե ականոցը մինչև վերջ ձգած է, իսկ ջուրը շարունակում է հոսել, ապա խծուծվածքը պետք է խտացնել կամ փոխարինել։ Դրա համար նորոգվող ծորակի վենտիլի կոթը հարկավոր է մինչև վերջ