Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/113

Այս էջը հաստատված է

կտրոններն արմատակալեն, անհրաժեշտ է դրանք բարակ թաղանթով կամ ապակիով ծածկել, այնուհետև դնել լույսի տակ և մինչև արմատակալելը պաշտպանել արևի ճառագայթների ուղղակի ազդեցությունից։ Ապակին օրը մի քանի անգամ պետք է հանել և սրբել, իսկ կտրոնները՝ օրը 2-3 անգամ ցողել։ Երբ կտրոնները սկսում են աճել, ապակին պետք է բարձրացնել, իսկ հետո ընդհանրապես վերցնել։ Կախված բույսի տեսակից՝ արմատակալումը տևում է 3 օրից մինչև 2 ամիս։ Կան բույսեր, որոնց կտրոնները լավ հավելյալ արմատներ են տալիս ջրում (օրինակ, ուզամբարական մանուշակը, սցինդապսուսը, բաղեղը)։ Որոշ բույսեր (օրինակ, բեգոնիայի տարբեր տեսակներ) կարելի է բազմացնել տերևային կտրոններով՝ տերևները խոնավ ավազի վրա դնելով, փայտե գամասեղներով ամրացնելով և ապակիով ծածկելով։ Արմատակալումն արագացնելու համար խորհուրդ է տրվում տերևի ստորին կողմից խոշոր ջղերի վրա թեթև կտրվածքներ անել։ Կտրոնների արմատակալման լավագույն ջերմաստիճանն է 25 °C։

Կոճղարմատներով բազմացնում են բազմամյա խոտաբույսեր՝ օձաբույսը, դունը, պտերները ևն։ Գարնանը հարկավոր է բույսը հանել թաղարից և սուր դանակով կոճղարմատը բաժանել մի քանի մասի։ Պալարանման կոճղարմատներն անհրաժեշտ է բաժանել այնպես, որ յուրաքանչյուր մասն ունենա աճման բողբոջ։ Արմատային ծիլեր տվող բույսերը վերատնկելիս խորհուրդ է տրվում դրանք բաժանել և տնկել առանձին թաղարներում։ Սոխուկավոր բույսերի սոխուկի ստորին մասում առաջանում են «ձագուկ» սոխուկներ, որոնք վերատնկելիս պետք է առանձնացնել։

Սերմերով կարելի է բազմացնել բոլոր բույսերը։ Դժվար ծլող սերմերը (արմավենի, դափնի) ցանում են հունվար-փետրվարին, մյուսները՝ մարտապրիլին։ Ավելի ուշ ցանելիս, երիտասարդ սերմնաբույսերը մինչև աշուն չեն հասցնում ամրանալ։ Ցանքի համար նախատեսված թաղարը պետք է ունենա ցամաքուրդի շերտ, ջրհոս անցքը պետք է փակել խեցու կտորով։ Ցանքի համար անհրաժեշտ է վերցնել նախապես լավ թրջած, մաղած հողի, տորֆի և ավազի խառնուրդ։ Խոշոր սերմերը պետք է դասավորել հողի մակերևույթին արված ակոսիկների մեջ և ծածկել հողի բարակ շերտով, իսկ մանրերը պետք է հավասարաչափ շաղ տալ հողի մակերևույթին և ջրել հեղուկացիրով։ Ցանքը պետք է ծածկել ապակիով և դնել տաք տեղում, իսկ օդափոխման նպատակով ապակին ժամանակ առ ժամանակ վերցնել։ Ծիլերը դուրս գալուց հետո ապակին պետք է ընդհանրապես վերցնել, և բույսը դնել լուսավոր տեղում։ Որոշ բույսերի ծլման ժամկետը 2 շաբաթից մինչև 8 ամիս է։ Ծլելուց հետո հարկավոր է սերմնաբույսը տնկել լվացած հողով և թեթև ավազով լցված ոչ մեծ թաղարի, տափակ ամանի կամ արկղի մեջ։ Սածիլելիս (տես նկարը) կարելի է օգտվել սածիլման բրիկից, որը կարելի է հեշտությամբ պատրաստել։ Բույսը պետք է հողով ծածկել մինչև սերմնաշաքիլը և կողքերից հողը ամուր սեղմել, այնուհետև ցողել հեղուկացիրով և ծածկել ապակիով։ Խոշոր սերմնաբույսերը կարելի է տնկել թաղարում 1-2-ական։ Ընդ որում խոտաբույսերի գլխավոր արմատի 1/3 կարելի է կտրել, որպեսզի հավելյալ արմատները լավ աճեն։ Ս. բ. հիդրոպոնիկայի եղանակով մշակելիս հողը փոխարինվում է հատուկ սննդարար լուծույթով՝ խոնավ մանրէազերծ միջավայրով (ավազ, մանրախիճ, կերամզիտ)։

Սենյակային բույսերի վնասատուները և հիվանդությունները։ Բույսի ճնշված տեսքը, վկայում է դրա վատ վիճակի մասին, որի պատճառը մշակման անբարենպաստ պայմաններն են և սխալ կամ անկանոն խնամքը։ Լույսի անբավարարությունը, շատ խոնավությունը կամ չորությունը, միջանցիկ քամին, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, ինչպես նաև չափից ավելի սնուցումը թուլացնում են բույսը և հիվանդությունների ու հարուցիչների զարգացման համար ստեղծում բարենպաստ պայմաններ։

Ճիշտ խնամելիս, որպես կանոն, Ս. բ. չեն հիվանդանում, թեև վարակը կամ հարուցիչը կարող է տարածվել նոր կտրոնների, առանձին բույսերի միջոցով։ Որոշ վնասատուների դժվար է անմիջապես նկատել, որի հետևանքով այդ միջատները բույսին մեծ վնաս են հասցնում։ Ս. բ-ի ամենամեծ վնասատուները ծծող միջատներն են՝ լվիճը, ոստայնատիզը, վահանակիրը, կեղծ վահանակիրը, ալրավոր որդանը։

Լվիճը վառ կանաչ կամ դեղին գույնի, մինչև 2 մմ երկարության միջատ է, որի գաղութները բնակվում են բույսի երիտասարդ մասերում (տերև, կոթուն, բողբոջ, ընձյուղի գագաթ)։ Լինում են անթև և թևավոր առանձնյակներ։ Թևավոր լվիճները թռչելով բույսից-բույս վարակը տարածում են։ Վարակված բույսի տերևները ոլորվում են և դեղնում, բողբոջները չեն բացվում, ծաղիկները չեն ծաղկում։ Լվիճները (հատկապես գարնանը և վաղ ամռանը) վարակում են համարյա բոլոր սենյակային բույսերին (բացի արմավենիներից)։

Պայքարի միջոցները. բույսը պետք է մշակել ֆիտոնցիդային հատկությամբ օժտված որոշ բույսերի թավշածաղկի, պոմիդորի, ծխածաղկի, դլփնակի, երիցուկի տերևների, ցողունների և արմատների թուրմով։ Երիցուկի թուրմ պատրաստելու համար 10 գ փոշին հարկավոր է լցնել 1 լ ջրի մեջ, կարելի է ավելացնել նաև օճառ (1 լ ջրին՝ 10 գ)։ Լվիճների դեմ կարելի է պայքարել նաև ծխախոտի թուրմով. ծխախոտի փոշին լուծելով ջրում (1 լ ջրին՝ 10 գ), թողնել մեկ օր, այնուհետև քամել։ Օգտագործելուց առաջ թուրմը պետք է նոսրացնել ջրով (1:3)՝ ավելացնելով կանաչ կամ տնտեսական օճառ (1 լ-ին՝ 10 գ), և այնուհետև սրսկել վարակված բույսերը։ Կարելի է նաև օգտագործել սոխի, սոխի կճեպի, սխտորի, պոմիդորի տերևների թուրմ։ Վարակված բույսերի մշակումը պետք է կրկնել 3 անգամ, 8-10 օր ընդմիջումով։

Ոստայնատիզի հասուն միջատի մարմինը ձվաձև-ուռուցիկ է, սպիտակադեղնավուն, չհատվածավորված՝ ծածկված երկարավուն (նոսր) մազմզուկներով։ Երկարությունը՝ 0,3-0,4 սմ։ Ամրանում է տերևների ստորին մակերևույթին, բույսի ուժեղ վարակվածության դեպքում՝ նաև ցողունի կանաչ մասերին և դնում կլորավուն, կիսաթափանցիկ ձվեր։ Բույսի տերևները դառնում են մարմարանման և ծածկվում բարակ սարդոստայնանման ցանցով, դեղնում են և ժամանակից շուտ թափվում։ Ս. բ. ոստայնատիզով կարող են վարակվել ամբողջ տարին։ Բույսը թույլ է զարգանում և կորցնում է իր գեղազարդ տեսքը։ Դրանց զարգացմանը նպաստում են բարձր ջերմաստիճանը և չոր օդը։ Ոստայնատիզը նազվարդի, արմավենիների, դրախտավարդի, օձաբույսի, վարդի, արևադարձի, ֆուքսիայի, խոլորձների,