Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/115

Այս էջը հաստատված է

Ստացված լուծույթը կարելի է քսել բույսի վնասված մասերին կամ հեղուկացիրով սրսկել։ Չի կարելի սրսկել ցերեկը, արևի տակ, որպեսզի տերևների վրա այրվածքներ չառաջանան։

Ոտնապոչիկները սպիտակ, 1-2 մմ երկարության անթև միջատներ են։ Զարգանում են հողում, սնվում բուսական մնացորդներով, բույսերի մանր արմատիկներով։ Բույսի խիստ վարակման դեպքում ոտնապոչիկները կարող են հայտնվել թաղարի հատակին, ջրատար անցքի մոտ։ Բույսը ջրելիս դրանք բարձրանում են հողի մակերևույթ՝ սպիտակ զանգվածի տեսքով։ Այս վնասատուներն ի հայտ են գալիս և բազմանում են հաճախակի, առատ ջրելուց։

Պայքարի միջոցները. անհրաժեշտ է բույսը չափավոր ջրել, խորհուրդ է տրվում հողի վերին շերտը (2-3 սմ) զգուշորեն հանել։

Սենյակային պայմաններում բույսերը սնկային հիվանդություններով հազվադեպ են վարակվում, որոնք մեծ վնաս են հասցնում բույսերին՝ առաջացնելով ալրացող, գորշ փտախտ, սոխուկի, արմատի և ցողունի հիմքի փտախտ։

Ալրացող։ Բույսերի հյուսվածքներում (տերևներ, երիտասարդ ընձյուղներ, բողբոջներ) մակաբուծելով՝ ստորակարգ սնկերը առաջացնում են սպիտակ ալրանման, աստիճանաբար գորշացող փառի տեսքով հիվանդություն։ Վարակված տերևներն աստիճանաբար ոլորվում են և թոշնում, բույսը չի աճում, ընձյուղները և բողբոջները չեն զարգանում։ Վարակը երկար է պահպանվում և փոխանցվում է սպորներով՝ օդով, կտրոնների և հողի միջոցով։ Ալրացողը դրախտավարդի, բեգոնիաների, գարնանածաղկի, քրիզանթեմի և այլ սենյակային բույսերի վնասատու է։

Պայքարի միջոցները. պետք է հեռացնել վարակված մասերը, բույսի վրա ծծմբափոշի շաղ տալ արևոտ եղանակին (20 °C–ից ոչ պակաս ջերմաստիճանի պայմաններում)։ Բույսը նախապես պետք է ջրցողել։ Կարելի է գործածել նաև պղնձարջասպաօճառային լուծույթ, որի 1 լ պատրաստելու համար անհրաժեշտ է 2 գ պղնձարջասպը լուծել քիչ քանակության տաք ջրում, այնուհետև 10 գ կանաչ կամ 40 գ տնտեսական օճառը լուծել 1 լ ջրում և երկու լուծույթները լավ խառնել իրար։ Պատրաստի լուծույթը չի կարելի պահել։

Գորշ փտախտն առաջացնում են անկատար սնկերը։ Բույսի վարակված մասերը գորշանում (առաջանում է խիտ գորշ փառ), փափկում և փտում են։ Հիվանդության զարգացմանը նպաստում է օդի բարձր խոնավությունը։ Գորշ փտախտով վարակվում են սենպոլիաները, գարնանածաղիկը, արջտակը, բեգոնիաները։

Արմատի, սոխուկի և ցողունի հիմքի փտախտը հարուցում են սնկերի և բակտերիաների տարբեր տեսակները։ Ծաղիկները թոշնում են, բույսը հյուծվում, դեղնում և չորանում է։ Ցողունի հիմքը փափկում է, դառնում դարչնագույն-սև, արմատները և սոխուկները՝ գորշ, և փտում են։ Փտախտով վարակվում են սենպոլիան, նազվարդը, անթուրիումը, կակտուսները, արջտակը և այլ բույսեր։ Վարակված բույսերը պետք է սրսկել բորդոյան հեղուկով (պղնձարջասպի լուծույթի և կրաջրի խառնուրդը՝ 2:1)։ Թույներ օգտագործելիս անհրաժեշտ է զգույշ լինել, բույսերի սրսկումը չի կարելի վստահել երեխաներին։ Ձմռանը սենյակում բույսերը կարելի է հեղուկով կամ փոշիով սրսկել միայն օդանցքը բացած, իսկ ամռանը՝ դրսում, որից հետո հարկավոր է լավ լվացվել օճառով։

ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐ, տես Սենյակային բույսեր։

ՍԻԿԱՏԻՎՆԵՐ, լաքաներկային նյութերի՝ օլիֆի, յուղաներկի և ձիթալաքի չորացումն արագացնելու համար կիրառվող նյութեր։ Ս. լաքաներկային նյութերին են ավելացնում խիստ որոշակի քանակությամբ (ներկի կամ օլիֆի զանգվածի 2-3 %-ից ոչ ավելի)։

ՍԻՖՈՆ, ջրի, հյութերի և այլ խմիչքների գազավորման սարք։ Հերմետիկորեն փակվող կափարիչով անոթ է, որի մեջ լցնում են խմիչքը, ճնշմամբ միախառնում ածխաթթու գազ, որը մասնակիորեն լուծվում է խմիչքի մեջ՝ գազավորելով այն։ Չլուծված գազն անոթում ստեղծում է ավելցուկային (մթնոլորտայինի հետ համեմատած) ճնշում՝ ձգտելով դուրս մղել հեղուկն անոթից։ Ս-ի ծորակը բացող լծակը (կոճակը) սեղմելիս, խմիչքը հեղուկաթափ կարճախողովակով լցվում է բաժակի մեջ։

Արտադրվում են գնդաձև, գլանաձև, կաթիլանման և այլ տեսքի ապակե ու մետաղե անոթներով Ս-ներ։ Ապակե անոթներն ունենում են հաստ, դիմացկուն պատեր և ավելի մեծ անվտանգություն ապահովելու նպատակով ծածկվում են մետաղացանցով. տարողությունը մինչև 1 լ է։ Մետաղե անոթները պատրաստում են պողպատից, դրանց տարողությունը մինչև 2 լ է։

Լայն տարածում են գտել ավտոսիֆոնները, որոնք լցավորվում են գազով տնային պայմաններում, 10 սմ³ տարողությամբ բալոններից։ Դրանցում գազը պահվում է հեղուկացված վիճակում. բալոնի բկանցքը հերմետիկորեն փակված է ալյումինե խցանով։ Ավտոսիֆոնը գազով լցավորելու համար հարկավոր է բալոնը պարկուճաձև հատուկ հարմարանքով ամրացնել անոթի կափարիչին և խցանը ծակել պողպատե խողովակ-ասեղով, որի միջով գազը բալոնից անցնում է անոթի մեջ։ Բալոնն այդ դիրքում մնում է այնքան ժամանակ, մինչև ամբողջ գազավորված հեղուկն արտահոսում է անոթից։ Օգտագործված բալոնները տնտեսական խանութներում (կամ համախանութների տնտապրանքների բաժիններում) կարելի է փոխանակել նորերով՝ վճարելով միայն լցավորման արժեքը։

ՍՈԴԱ, ալկալիական հատկություններով օժտված մի քանի քիմիական նյութերի ընդհանուր անվանում։ Տարբերում են հիդրոածխաթթվական (խմելու), կալցինացված (ածխաթթվական) և կաուստիկ Ս-ներ։

Հիդրոածխաթթվական Ս. (նատրիումի հիդրոկարբոնատ) ջրում լավ լուծվող աղահամ սպիտակ բյուրեղափոշի է։ Այն մտնում է մի շարք լվացամիջոցների բաղադրության մեջ և կարող է օգտագործվել արծնապատ ամանեղեն լվանալու համար։ Ունի մաշկաճարպը, քրտնահոտը և մաշկի եղջրացածությունը վերացնելու հատկություն։ Խմելու Ս. կիրառվում է խոհարարության, բժշկության մեջ (օրինակ, այրոցի դեպքում)։

Կալցինացված Ս. (նատրիումի կարբոնատ) սպիտակ բյուրեղափոշի է, որի ջրային լուծույթներն ունեն ուժեղ ալկալիական ռեակցիա։ Կալցինացված Ս. մտնում է համարյա բոլոր սինթետիկ լվացամիջոցների (բամբակե և վուշե գործվածքների) և ամանեղենի մաքրման բազմաթիվ միջոցների բաղադրության մեջ։ Սպիտակեղենը թրջելու և, հատկապես, եռացնելու (առավելապես