Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/118

Այս էջը հաստատված է

կամ բուսական նախշերով գործվածքներ։ Վ. խորհուրդ է տրվում կախել ձողին հագցված օղակներից։ Հարմար է մինչև լուսամուտագոգը հասնող կամ փոքր-ինչ (10-15 սմ) երկար Վ.։

Վ. կարևոր դեր է խաղում խոհանոցի ինտերիերում։ Վ-ի տեսակը և ձևավորման եղանակն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել խոհանոցի յուրօրինակ պայմանները և միկրոկլիման (բարձր ջերմաստիճան, խոնավություն, գոլորշի)։ Վ-ի կտորը պետք է լինի հեշտ լվացվող։ Այն կարելի է կախել լուսամուտի խորքում՝ շրջնանակին ամրացված հանովի մետաղական ձողիկից։ Վ-ի երկարությունը կարող է համապատասխանել լուսամուտի բարձրությանը կամ ծածկել դրա միայն մի մասը։ Լուսամուտի ներքևի մասում Վ. կարելի է ամրացնել ձողիկի միջոցով, իսկ միջնամասում հավաքել ժապավենով կամ տրեզով։ Այսպիսի Վ-ները, բացվելով փեղկի հետ, հնարավորություն են տալիս կարգավորելու լուսային հոսքը, օդափոխելու խոհանոցը։

Հմտորեն օգտագործելով Վ-ների ձևավորման տարբերակները՝ կարելի է քողարկել լուսամուտի դիրքի, ձևի և չափերի թերությունները։ Ժամանակակից ինտերիերին բնորոշ է միասնական մեծ լուսամուտատեղը, հետևաբար, եթե լուսամուտը շեղված է սենյակի առանցքից կամ կա երկու նեղ լուսամուտ, դրանք կարելի է ծածկել սենյակի ամբողջ բարձրությամբ և լայնությամբ կախվող ընդհանուր Վ-ով։

Վ. կարելի է բացել բարձրացնելով կամ կողմ քաշելով։ Բարձրացվող Վ. կարում են բամբակե կամ մետաքսե սպիտակ կամ բաց դեղնավուն գործվածքներից։ Բամբակե գործվածքից կարում են հիմնականում հարթ, իսկ մետաքսե բարակ գործվածքից՝ ալիքաձև ծալքավորված Վ-ներ (այսպես կոչված, «ֆրանսիական» Վ.)։ Այդ Վ-ների համար անհրաժեշտ է լուսամատի մեկուկես լայնության և կրկնակի երկարության (լուսամուտագոգից մինչև վերևի եզրը հաշված) կտոր։ Վ-ի առանձին հատվածները բարձրացնող քուղն անցկացվում է ուղղաձիգ կարերի երկայնքով ամրացված օղակների միջով։ Բարձրացվող ալիքավոր Վ-ները գեղեցիկ են, սակայն աշխատատար, դրանք հիմնականում կարում են մասնագետները։ Այդ տեսակի Վ-ները կախում են լուսամուտի խորքում (փայտե ձողից կամ էլ լուսամուտի վերևում քիվից)։ Եթե բարձրացվող Վ-ի հետ լրացուցիչ, ավելի խիտ գործվածքից Վ. չի օգտագործվում, ապա քիվից կարելի է կախել ոչ լայն լամբրեկեն։ Ավելի տարածված են անթափանց խիտ գործվածքներից (բրդե կտորներից, թավշից, ձևավոր ռեպսից ևն) կարված