է ամանի չափերից), վրան լցնել հարած ձու և 50 րոպե եփել միջին տաքության ջեռոցում։
1/2 կգ մսին՝ 3 սուրճի բաժակ բրինձ, 2-3 գլուխ սոխ, 4 ճաշի գդալ յուղ, 4 պոմիդոր, 2 ձու. աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի։
Ջեռեփած ձուկ (հունական). ձկան թեփուկները հեռացնել, փորոտիքը հանել, լվանալ, կտրտել, աղ ու պղպեղ ցանել, վրան լցնել կիտրոնի հյութ։
Պոմիդորը (3-4 հատ) կեղևել, մանր կտրտել, ավելացնել ծեծած սխտոր, մանր կտրտած մաղադանոս, ձեթ, աղ, խառնել և լցնել հարմար ամանի մեջ, վրան շարել ձկան կտորները և ծածկել շերտ-շերտ կտրտած պոմիդորով։ Եփել միջին տաքության ջեռոցում։
1 1/2 կգ ձկանը՝ 1 կիտրոնի հյութ, 5-6 պոմիդոր, 4-5 պճեղ սխտոր, 5-6 ճաշի գդալ ձեթ. մաղադանոսը, աղը և սև պղպեղը՝ ըստ ճաշակի։
Փլավ ուզբեկական. կտրտած միսը տապակել լավ տաքացրած ձեթով մինչև կարմրավուն կեղևի գոյանալը, ապա ավելացնել ձողիկաձև կտրտած սոխ, գազար և շարունակել տապակելը, ապա ավելացնել ջուր (մեկուկես անգամ ավելի, քան բրինձը), աղ ու համեմունք, եռման հասցնել, լցնել բրինձը և շարունակել եփել։ Ջուրը քաշելուց հետո բրինձը քափկիրով հարթեցնել, անցքեր բացել, մեջը մեկական գդալ եռացրած ջուր լցնել, կաթսայի բերանը պինդ փակել և եփել 20-25 րոպե մարմանդ կրակի վրա։ Փլավը բրգաձև լցնել ափսեի մեջ, վրան դնել միսը և ցանել բարակ կտրտած սոխ։
1/2 կգ ոչխարի մսին՝ 2 1/2 բաժակ բրինձ, 5 գազար, 2 գլուխ սոխ, 1 բաժակ ձեթ (կամ դմակի յուղ), աղը, պղպեղը և անիսոնը՝ ըստ ճաշակի։
Խոզի միսը գարեջրով (գերմանական). կտրտած միսը լցնել կաթսայի մեջ, ավելացնել աղացած սխտոր, գարեջուր, կափարիչը դնել և եփել։ Միսը փափկելուց հետո ավելացնել քերիչով մանրած քարթու սև հաց, կիտրոնի կեղև, աղ, սև պղպեղ և եփել։ Անհրաժեշտության դեպքում սոուսին ավելացնել գարեջուր։
1 կգ խոզի մսին՝ 1 շիշ գարեջուր, մի քանի պճեղ սխտոր, 1 կտոր սև հաց. կիտրոնի կեղևը, աղը, սև պղպեղը՝ ըստ ճաշակի։
Գուլյաշ (հունգարական). սոխառած անել, ավելացնել տավարի, հորթի, ոչխարի և խոզի միս, աղ, մի քիչ չաման, մշկընկույզ, ծոթրին, սուսամբար և մանր կտրտած մաղադանոս։ Եփել 1 1/2 ժամ առանց հեղուկ ավելացնելու։
200-ական գ տավարի, հորթի, ոչխարի և խոզի մսին՝ 2 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ յուղ, աղը, կանաչին, համեմունքը՝ ըստ ճաշակի։
Տապակած ձուկ (ֆրանսիական). մանր ձկան թեփուկները հեռացնել, փորոտիքը հանել, լվանալ, անձեռոցիկով ցամաքեցնել և վրան կաթ լցնել։
Ալյուրը գարեջրով բացել, ձուկը թարախել մեջը և տապակել լավ տաքացրած ձեթով։ Տապակած ձուկը շարել սկուտեղի մեջ, վրան մանրած մաղադանոս ցանել և զարդարել կիտրոնի կտորներով։
1 կգ մանր ձկանը՝ 1/2 բաժակ կաթ. աղը, սև պղպեղը՝ ըստ ճաշակի։ Տապակելու համար 1/2 բաժակ ձեթ, 2 ճաշի գդալ ալյուր, 1 բաժակ գարեջուր։
Թուրլուգյուվեչ (բուլղարական). կտրտած միսը լցնել կավե ամանի մեջ, աղ ու կարմիր պղպեղ ցանել, ավելացնել կարագ, մանր կտրտած սոխ, գազար, այնքան տաք ջուր լցնել, որ միսը ծածկվի և դնել ջեռոցը։ Բանջարեղենը կեղևել և կտրտել (կարտոֆիլը կլոր-կլոր, պոմիդորը և տաքդեղը խոշոր կտորներով)։ Կանաչ լոբին նախապես խաշել աղ գցած ջրում։ Բանջարեղենին աղ ցանել, ավելացնել մաղադանոս, կիսահաս խաղողի հատիկներ, լավ խառնել, լցնել գրեթե եփած մսի վրա և կրկին դնել ջեռոցը։ Եփել մինչև հեղուկի գոլորշիանալը։
900 գ մսին՝ 250 գ կանաչ լոբի, 300 գ կարտոֆիլ, 250 գ պոմիդոր, 200 գ տաքդեղ, 150 գ սոխ, 150 գ բադրիջան, 100 գ բամիա, 200 գ կաղամբ, 150 գ կարագ, 1-2 գազար, աղը, կարմիր պղպեղը, մաղադանոսը, կիսահաս խաղողը՝ ըստ ճաշակի։
Խմորեղեն և աղանդերային ուտեստներ
Բլիններ (ռուսական). խմորիչը բացել գոլ ջրով կամ կաթով, ավելացնել աղ, շաքարավազ, ձու, ալյուր, խառնել մինչև խմորի համասեռ դառնալը, ապա ավելացնել յուղ, նորից խառնել և դնել տաք տեղ։ Խմորը բարձրանալուց հետո խառնել և թողնել, որ կրկին բարձրանա։ Բլինները տապակել երկու կողմից հաստ տակով յուղած տապակի մեջ։ Տապակած բլինները դարսել տաքացրած ամանի մեջ և ծածկել անձեռոցիկով։ Առանձին մատուցել հալած յուղ, թթվասեր կամ ձկնկիթ։
1 կգ ալյուրին՝ 3 ճաշի գդալ հալած յուղ կամ կարագ, 2 ճաշի գդալ շաքարավազ, 2 ձու, 40 գ խմորիչ, 1 1/2 թեյի գդալ աղ, 5-6 բաժակ ջուր կամ կաթ։
Մանթեր (ուզբեկական). ոչխարի փափուկ միսը և գլուխ սոխը մանր կտրտել, ավելացնել աղ, կարմիր պղպեղ և լավ խառնել։ Դմակը մանր կտրտել։ Արիշտայի խմոր հունցել, գրտնակել, կտրել 10x10 սմ մեծությամբ, կենտրոնում դնել խճողակը, մի կտոր դմակ, քառակուսու եզրերը վրա բերել և կսմթելով ամրացնել։ Եփել գոլորշիով 40 րոպե։ Մատուցել մսի արգանակով հետը թթվասեր և մանրած կանաչի։
200 գ ցորենի ալյուրին՝ 1/3 բաժակ ջուր, 400 գ յուղոտ միս, 30 գ դմակ, 3 գլուխ սոխ, 3-4 գդալ կարագ, 150 գ թթվասեր, պղպեղը և կանաչին՝ ըստ ճաշակի։
Դդմի կիսել (լեհական). դդումը կեղևել, սերմերը հեռացնել, քերել մանր քերիչով։ Կարտոֆիլի օսլան բացել սառը կաթով, լցնել տաք կաթով ամանի մեջ և խառնելով եռման հասցնել։ Ավելացնել վանիլին, շաքար, աղ, քերած դդումը, խառնել և տաքացնել, ապա լցնել գավաթների մեջ և սառեցնել։ Մատուցել հատապտղի հյութով։
1/2 կգ դդմին՝ 0,5 լ կաթ, 1/3 բաժակ շաքարավազ, 1 1/2 ճաշի գդալ կարտոֆիլի օսլա, վանիլինը, աղը և հատապտղի հյութը՝ ըստ ճաշակի։
Խնձորով պուդինգ (անգլիական). խնձորը կեղևել, միջուկը հանել, բարակ կտրտել։ Մաղած ալյուրը և աղը խառնել, ավելացնել շաքարավազ, ձու, կաթ և կարագ (ստացվում է թթվասերի թանձրության զանգված)։
Խմորեղենի կաղապարը յուղել, տակը քսել սալորի ջեմ, դնել մի շերտ խնձոր, վրայից պատրաստած խառնուրդը և թխել ջեռոցում (175 °C) մոտ 1 ժամ։ Մատուցում են վրան եռացրած ջրով բացած ծիրանի ջեմ լցրած։
1 1/2 բաժակ ալյուրին՝ 100 գ կարագ, 1/2 բաժակ շաքարավազ, 0,5 կգ խնձոր, 2 ձու, 70 գ սալորի ջեմ, 1/2 բաժակ կաթ, 3 ճաշի գդալ ծիրանի ջեմ, նույնքան ջուր։
Ձնագնդիկներ (ֆրանսիական). ձվի սպիտակուցն ու աղը հարել մինչև պնդանալը, ավելացնել շաքարափոշի և շարունակել հարելը։ Կաթը, սերուցքը և