Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/128

Այս էջը հաստատված է

շաքարավազը խառնել, եռացնել, ավելացնել վանիլին։ Հարած սպիտակուցը վերցնել ճաշի գդալով, երկրորդ գդալով ձվի տեսք տալ և զգուշորեն գցել եռացող խառնուրդի մեջ։ Եփել 4 րոպե, պատառաքաղով շրջելով, ապա քափկիրով հանել և դնել քամիչի մեջ։

Կաթնային խառնուրդը քամել, հովացնել մինչև 50-60°C։ Ձվի դեղնուցը հարել և անընդհատ խառնելով բարակ շիթով ավելացնել կաթնային խառնուրդը, տաքացնել մարմանդ կրակի վրա մինչև թանձրանալը (եռման չհասցնել)։ Ստացված քաղցրախյուսը լցնել սկահակների մեջ, սառեցնել, մատուցելուց առաջ վրան դնել սպիտակուցի գնդիկները և զարդարել ելակով կամ մոռով։

6 ձվին՝ 2 ճաշի գդալ շաքարափոշի, 1 1/4 բաժակ կաթ, նույնքան սերուցք, 1/2 բաժակ շաքարավազ, աղը, վանիլինը, հատապտուղը՝ ըստ ճաշակի։

Ընկույզով սև սալորաչիր (բուլղարական). սալորաչիրը թրջել, կորիզները հանել, փոխարենը դնել թեթևակի բոված ընկույզի միջուկ։ Լցոնած սալորաչիրը լցնել սաճի մեջ, շաքարավազ ցանել, լցնել գինուց և շաքարաջրից պատրաստած օշարակ (նախատեսված քանակության կեսը) և 10 րոպե դնել տաք ջեռոցը։ Մատուցելուց առաջ վրան լցնել մնացած օշարակը։

250 գ սև սալորաչրին՝ 2 ճաշի գդալ շաքարավազ, 50 գ սեղանի կարմիր գինի, 50 գ մրգի օշարակ, 1/2 բաժակ ընկույզի միջուկ։

Պիցցա նեապոլյան (իտալական). խմորիչով խմոր հունցել, թողնել 1 ժամ, որ հասունանա, ապա դնել տապակի (կամ խմորեղենի կաղապարի) մեջ, վրան ձեթ քսել, քերած պանիր շաղ տալ, կեղևած և կտրտած պոմիդոր դնել։ Նրբերշիկը (կամ երշիկը) երկարությամբ կտրել, շարել վանդակաձև, աղ և պղպեղ ցպնել, ձեթ ցողել և թխել 20-30 րոպե միջին տաքության ջեռոցում։

Խմորի համար. 1 1/4 բաժակ ալյուր, 2 ճաշի գդալ ձեթ, 1/2 բաժակ գոլ կաթ, 15 գ խմորիչ, աղը՝ ըստ ճաշակի։

Լցոնի համար. 200 գ պանիր, 4-5 հատ պոմիդոր, 4-5 հատ նրբերշիկ, 1-2 ճաշի գդալ ձեթ. աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի։

Հայկական խոհանոցի հիմնական կերակրատեսակները տրվում են առանձին հոդվածներով (օրինակ, Այլազան, Հարիսա, Սպաս, Տոլմա, Տհալ, Քուֆթա ևն)։

ԱԶԴՐԱՊՈՒԽՏ, մսամթերք, որը պատրաստում են մսացու կամ բեկոնացու խոզի մսեղիքի կոնքազդրային կամ ուսաթիկնային մասերից։

Ա. օգտագործում են որպես սառը խորտիկ, ինչպես նաև տապակում պոմիդորով և սոխով։ Սառը վիճակում մատուցելիս Ա. բարակ կտրտում են մկանաթելքերին ուղղահայաց, շարքերով դասավորում սկուտեղի մեջ և զարդարում մաղադանոսով և հազարի տերևներով։ Խավարտը՝ թարմ կամ թթու վարունգ, կաղամբ, պոմիդոր։ Տապակած Ա-ի հետ մատուցում են կանաչ ոլոռ, լոբի, կարտոֆիլախյուս։

Ա. պահում են առանց կարտելու՝ մութ, զով տեղում։ Սառնարանում Ա. կարելի է պահել մինչև 2 օր՝ ցելոֆանի մեջ։ Եփած, կտրտած Ա. անհրաժեշտ է օգտագործել նույն օրը։

ԱԶՈՒ, տավարի, խոզի կամ ոչխարի փափուկ մսից պատրաստված երկրորդ կերակրատեսակ։

Միսը մաքրել թաղանթներից, կտրտել թելքերի լայնքով 2 սմ լայնության ու 34 սմ երկարության կտորներով և յուղով տապակել նախապես տաքացրած տապակի մեջ՝ մինչև կարմրագույն կեղևի գոյանալը։ Միսը լցնել կաթսայի մեջ, աղ ցանել, ավելացնել տոմատախյուս կամ կտրտած թարմ պոմիդոր, սոխառած, արգանակ կամ տաք ջուր, կափարիչով փակել և 40-50 րոպե եփել մարմանդ կրակի վրա։ Այնուհետև ավելացնել խոշոր կտրտած, կիսատապակած կարտոֆիլ, սերմերը հանած, կեղևած, մանր կտրտած թթու վարունգ, աղով տրորած սխտոր, սև պղպեղ, շաքար, կափարիչով փակել և եփել մարմանդ կրակի վրա մինչև պատրաստ լինելը։ Կերակուրը մատուցելուց առաջ ցանկալի է վրան մանր կտրտած մաղադանոս և սամիթ ցանել։

500 գ փափուկ մսին՝ 3 կարտոֆիլ, 2...2 1/2 ճաշի գդալ կարագ, հալած յուղ կամ մարգարին, 2 գլուխ սոխ, 2-3 ճաշի գդալ տոմատախյուս, 2-3 թթու վարունգ, 3-4 պճեղ սխտոր, մեկական թեյի գդալ աղ և շաքարավազ, 4-5 հատիկ սև պղպեղ։

Վանա Ա. միսը ոսկրազատել, մանր կտրտել, լվանալ, սրբիչով ցամաքեցնել, վրան ցանել աղ, պղպեղ, մանր կտրտած կանաչի և տապակել յուղով՝ թեժ կրակի վրա։ Տապակելու ընթացքում մսի վրա ալյուր ցանել և շարունակել տապակել ևս 10 րոպե։ Այնուհետև տապակի պարունակությունը տեղափոխել կաթսայի մեջ, ավելացնել տոմատախյուս կամ թարմ պոմիդոր, արգանակ, սոխառած, տապակած կարտոֆիլ, մանր կտրտած սխտոր, կափարիչը դնել և եփել մարմանդ կրակի վրա մինչև պատրաստ լինելը։ Մատուցելուց առաջ վրան մանր կտրտած ռեհան և մաղադանոս ցանել։

500 գ փափուկ մսին՝ 6 կարտոֆիլ, 3 ճաշի գդալ հալած յուղ, 1 գլուխ սոխ, 1 1/4 բաժակ արգանակ։

ԱԼԱՆԻ, ընկույզից և դեղձաչրից (կամ թզաչրից) պատրաստված քաղցրավենիք։ Ընկույզի միջուկն աղալ կամ հավանգով ծեծել, ավելացնել շաքար, դարչին, հիլ և լավ խառնել։ Դեղձը կեղևել, ծծմբահարել, շարել փայտե սկուտեղի մեջ և արևի տակ չորացնել։ Այնուհետև կորիզները հանել և դեղձը լցոնել ընկույզի խորիզով, մի քիչ տափակեցնել, շարել թելի վրա և կախել զով տեղում մինչև չորանալը։ Թզաչիրը խորիզով լցոնել կորիզները հանելուց հետո։

10 կգ դեղձին՝ 2,1 կգ ընկույզի միջուկ, 3,5 կգ շաքարավազ, 20 գ դարչին, 20 գ հիլ, 150 գ ծծումբ (դեղձը ծծմբահարելու համար)։

ԱԼՅՈՒՐ, ցորենի, աշորայի, վարսակի, գարու, կորեկի, եգիպտացորենի, սևաձավարի, սոյայի, սիսեռի հատիկների աղալուց ստացվող մթերք։ Ցորենի Ա. լինում է շարմաղ, բարձր, առաջին, երկրորդ տեսակների և թեփախառը։ «Ա-ի տեսակ» հասկացությունը ոչ թե բնութագրում է Ա-ի որակը, այլ ցույց է տալիս, թե որքանով է այն պիտանի սննդի մեջ որոշակի նպատակով օգտագործելու