ԺԵԼԱՏԻՆ, տես Դոնդողանյութ։
ԺԵԼԵ, տես Դոնդող:
ԻՆՔՆԱԵՌ, արտադրում են էլեկտրականությամբ և վառելիքով աշխատող Ի-ներ։ Ի-ի արույրե իրանը ամրացված է պատվանդանին և ներսից անագապատված է (կլայեկված)։ Ջրի տարողությունում գտնվում է վառելիքի համար նախատեսված մետաղական խողովակը, իսկ էլեկտրական Ի-ի խողովակում կա նաև խողովակավոր էլեկտրաջեռուցիչ։ Լավ վառելիք են փայտածուխը, չոր ոստերն ու տաշեղները, սոճու կոները։ Ի-ում ջուրը կարելի է արագ եռացնել քիչ վառելիք ծախսելով, բացի այդ Ի. երկար է պահպանում ջրի տաքությունը։
Վառելիքով աշխատող Ի-ի տարողությունը 4,5-7 լ է, էլեկտրականինը՝ 2, 2,5, 3 և 4 լ։ Էլեկտրաջեռուցիչի ցանցից վերցվող հզորությունը համապատասխանաբար 0,8, 1, 1,5 և 1,6 կՎտ է։ Ջուրը եռում է մոտավորապես 30 րոպեում։ Վառելիքը վառելուց կամ Ի. ցանցին միացնելուց առաջ այն անպայման պետք է ջրով լցնել։
ԻՇԽԱՆ, քաղցրահամ ջրերի ձուկ։ Ապրում է առուների, արհեստական լճակների, գետերի և լճերի մաքուր, սառը ջրերում։ Հայտնի են առվակային (բազմանում է նաև լճակներում), ծիածանային (հիմնականում լճակներում) և Սևանի Ի. (ապրում է միայն Սևանա լճում, որն ունի 4 սեռ՝ ձմեռային, ամառային, գեղարքունի և բոջակ)։ Ուրիշ ձկներից տարբերվում է մարմնի ձևի և չափերի խիստ բազմազանությամբ։ Կենդանի զանգվածը 70-300 գ է, Սևանի և մյուս լճակային տեսակներինը՝ 150-1000 գ։ Սևանի Ի. ունի արծաթափայլ թեփուկներ, մարմնի ամբողջ երկարությամբ տարածված խոշոր, սև պտեր, որոնց մեջ կարող են լինել նաև նարնջագույն կամ բաց վարդագույն։ Միսը չափավոր յուղոտ է, վարդագույն։ Սևանա լճում, Ի-ի քանակի խիստ կրճատման պատճառով, որսն արգելված է։ Ի. կլիմայավարժեցվում է նաև լճակային տնտեսություններում։
Ի. կարագով. նախապատրաստած Ի-ի կտորները շարել յուղած կաթսայի մեջ, վրան կարագ քսել և թարխուն ցանել։ Կաթսայի բերանը ամուր փակել և ձուկը շոգեխաշել մարմանդ կրակի վրա 18-20 րոպե։
Ի. մատուցել տաք։
1 կգ Ի-ին՝ 150 գ կարագ, 2 տրցակ թարխան. աղը՝ ըստ ճաշակի։
Ի. խաշած. մաքրած և փորոտիքը հանած ձուկը լավ լվանալ, աղ ցանել, դնել կաթսայի մեջ, մի քիչ ջուր ավելացնել և 15-18 րոպե շոգեխաշել մարմանդ կրակի վրա։ Կաթսան վերցնել կրակից, ձուկը զգուշությամբ հանել և դասավորել սկուտեղի վրա, ապա ծածկել խոնավ անձեռոցիկով և մինչև մատուցելը պահել սառը տեղում։ Մատուցել կանաչեղենի տերևներով զարդարած։
1 կգ Ի-ին՝ 3/4 բաժակ ջուր, աղը և թարխունը՝ ըստ ճաշակի։
Ի. իր հյութով. նախապատրաստած Ի. լավ լվանալ, աղ ցանել։ Կաթսան յուղել, մի շերտ թարխուն դնել, վրայից շարել ձուկը, վրան կարագի կտորներ, մի քիչ ջուր լցնել, կաթսայի բերանը փակել և շոգեխաշել մարմանդ կրակի վրա 15-18 րոպե։ Այնուհետև Ի. դնել սկուտեղի վրա, վրան լցնել կաթսայի մեջ եղած հյութը, զարդարել կիտրոնի շերտերով և թարխունով։
1 կգ Ի-ին՝ 1 բաժակ ջուր, 200 գ կարագ, 1 տրցակ թարխուն, 1 կիտրոն, աղը՝ ըստ ճաշակի։
Ի. լավաշով. կաթսան յուղել, մեջը լավաշ փռել, վրան շարել աղ և պղպեղ ցանած Ի-ի կտորներ։ Մանր ձկները դնել ամբողջական։ Այնուհետև ձուկը ծածկել թարխունով, գինձով և վրան լավաշ փռել։ Կաթսայի բերանն ամուր փակել և շոգեխաշել մարմանդ կրակի վրա 15-18 րոպե։
Ի. մատուցել լավաշով փաթաթած։
1 կգ Ի-ին՝ 1,5 կգ լավաշ, 1-ական տրցակ թարխուն և գինձ, 200 գ կարագ, աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի։
Հոնաչրով իշխանապուրի և կարտոֆիլով իշխանապուրի մասին տես Ապուր հոդվածում։
ԼԱՅՆԱՃԱԿԱՏ, պնդաճակատ, բուսակեր ձուկ։ Տարածված է Արևելյան Ասիայի գետերում։ Հայաստանում Լ. կլիմայավարժեցված է. մյուս ձկներին գերազանցում է արագ աճով և համեղ մսով։ Կենդանի զանգվածը 3-5 կգ է, երբեմն՝ մինչև 16 կգ։ Միսը յուղոտ է, համեղ, առանց մանր փշերի։ Լ-ի սառեցրած միսը կարելի է տապակել, խաշել և խորովել։
ԼԱՆԳԵՏ, կերակրատեսակ՝ բարակ կտրտած և տապակած տավարի մսից:
Լ. բնական. միսը լվանալ, թաղանթները և ավելորդ ճարպը հեռացնել, բարակ շերտերի բաժանել, թեթևակի ծեծել, աղ ու պղպեղ ցանել և 2 կողմից տապակել նախապես տաքացրած տապակի մեջ, 5-6 րոպե։ Պատրաստի Լ. դնել ափսեի մեջ, տապակի մեջ լցնել մի քանի գդալ արգանակ կամ ջուր և եռացնել։ Ստացված հյութը լցնել մսի վրա։
Խավարտը՝ տապակած կարտոֆիլ, կանաչ ոլոռ կամ կլոր-կլոր կտրտած եփած գազար կարագով։ Առանձին կարելի է մատուցել նաև տապակած սոխ, ակնիկ ձվածեղ (1 կտոր մսին՝ 1 ձու), տապակած թարմ պոմիդոր։
Լ. սոուսով. տապակել վերը նկարագրված եղանակով, դնել ափսեի մեջ։ Տապակի մեջ լցնել 2 ճաշի գդալ տոմատախյուս և տապակել մինչև ստացվի տոմատի մածուկի թանձրության զանգված, ապա ավելացնել 1 թեյի գդալ ալյուր, բացել 1 բաժակ արգանակով, 4-5 րոպե եռացնել, ավելացնել աղ ու պղպեղ (ըստ ճաշակի)։ Սոուսը լցնել Լ-ի և խավարտի վրա։ Լ. կարելի է համեմել նաև այլ սոուսներով։
ԼԱՎԱՇ, թոնրում թխվող տափակ, բարակ ու երկար հաց։ Խմորը պատրաստում են ցորենի 1-ին և 2-րդ տեսակի ալյուրից։
Ալյուրը մաղում են, ապա հունցում ջրով, ավելացնում աղ (10 կգ ալյուրին՝ 150-200 գ աղ)։ Խմորին ավելացնում են թթխմոր։
Խմորը հասունանում է 1 1/2-2 ժամում 30-32 °C ջերմաստիճանի դեպքում։
Պատրաստի խմորը կտրտում և գնդում են, թողնում 10-15 րոպե, մինչև գնդերը նստեն։ Այնուհետև գնդերը կլոր