մասի, բացել լուցկու հատիկի հաստության շերտերով, կտրտել 5-6 սմ լայնության շերտերով, ալյուր ցանել, շերտերը դնել իրար վրա և լայնակի կտրտել 0,5 սմ լայնության կտորներով։
Կաթսայի մեջ յուղ լցնել, տաքացնել, փոքր բաժիններով լցնել կտրտած Խ. և տապակել մինչև վարդագունելը, ապա հանել անցքավոր գդալով և դնել խոր ափսեի մեջ։
Մեղրը տաքացնել ալյումինե լայն ամանի մեջ, ավելացնել շաքարավազ, եռման հասցնել, մեջը գցել տապակած արիշտան, լավ խառնել (մի քանի վայրկյան), ապա կրակից վերցնել։ Ամանի պարունակությունը 3 սմ հաստության շերտով փռել թրջած տախտակի վրա, հարթեցնել և շեղանկյունաձև կտրտել։
Խ-ի համար՝ 4 ձու, 1 պտղունց աղ, 1/2 թեյի գդալ սոդա, 2 1/2 բաժակ ալյուր, տապակելու համար՝ 500 գ յուղ, կապակցող օշարակի համար՝ 1 1/2 բաժակ մեղր և 1 ճաշի գդալ շաքարավազ։
Էկլեր։ Եռացող ջրի մեջ աղ ու կարագ գցել, կարագը հալվելուց հետո անընդհատ խառնելով ավելացնել ալյուր։ Մարմանդ կրակի վրա Խ. տրորել այնքան ժամանակ, մինչև ստացվի փայլուն համասեռ զանգված։ Այնուհետև թողնել, որ Խ. փոքր-ինչ հովանա և խառնելով մեկ-մեկ ավելացնել ձուն։
Հովացած Խ. գդալով գունդ-գունդ դնել սաճի մեջ և լավ տաք ջեռոցում թխել 20-25 րոպե (մինչև թխվածքի չորանալը և լավ կարմրելը)։ Խմորը ջեռոցի մեջ դնելուց 10 րոպե անց (թխվածքը բարձրանալուց և կարմրելուց հետո) կրակը մեղմացնել։ Պատրաստի թխվածքը թողնել, որ հովանա և լցոնել կարագով կամ եփովի կրեմով (տես Կրեմ)։ Էկլերը կարելի է պատել քաղցրաշերտով կամ վրան շաքարափոշի ցանել։
Խ-ի համար՝ 1 բաժակ ջուր, 100 գ կարագ, 1 բաժակ ցորենի ալյուր, մի պտղունց աղ, 4 ձու։ Տես նաև Տորթ:
ԽՄՈՐԵՂԵՆԻ ԿԱՂԱՊԱՐՆԵՐ։ Խմորեղեն թխելու համար գործածում են սպիտակ թիթեղից կամ ալյումինից պատրաստած տարբեր ձևի (կլոր, ուղղանկյունաձև, ձվաձև, կոնաձև) կաղապարներ։ Խ. կ. լինում են հարթ, կողավոր մակերևույթով (ճառագայթաձև և պարուրաձև), դրոշմած ուռուցիկ ձևերով և զանազան պատկերներով։ Կան նաև հանովի տակերով քանդովի կաղապարներ, որոնց տակերը փոխելով կարելի է թխել տարբեր ձևի խմորեղեն։
ԽՄՈՐԻ ՁԵՎԱՎՈՐԻՉՆԵՐ։ Գրտնակած խմորը ձևավորելու համար կիրառում են սպիտակ թիթեղից, ալյումինից և պլաստմասսայից պատրաստված խմորակտրիչներ։
Տարածված են մեխանիկական խմորակտրիչները, որոնք բաղկացած են պտտվող գլանվակների կամ սկավառակների (տարբեր ձևի) հավաքածուից և փայտե բռնակ ունեցող շրջանակից։ Գլանվակները հանովի են և հեշտությամբ են ամրացվում առանցքին (շրջանակին)։ Գրտնակած խմորը հարմար է կտրել նաև կաղապարային ձևավորիչներով։
ԽՄՈՐԻՉ (խմորասնկեր)։ Առաջացնում է շաքարի խմորում՝ սպիրտի և ածխաթթվի անջատումով։ Լայնորեն կիրառվում է սննդի արդյունաբերության մեջ և տնային խոհանոցում (տես Խմոր, Գաթա)։ Կաթում և կաթնաթթվային մթերքում պարունակվող և կաթնաշաքարը խմորող Խ. մածնի, կեֆիրի և կաթնաթթվային այլ մթերքի ստացման համար օգտագործվող մերանների բաղադրիչներից մեկն է։ Թողարկում են հեղուկ, մամլած և չոր Խ.։ Խ. արագ փչացող մթերք է։ Հեղուկ Խ. կարելի է պահպանել զով տեղում 6-8 ժամ, մամլած Խ.՝ 10 օր, 0°–ից մինչև 4 °C ջերմաստիճանում։
Խ. (հատկապես գարեջրի) պարունակում է մեծ քանակությամբ B1, B2, B12, D և PP վիտամիններ և երբեմն գործածում են ծանր հիվանդությունից ապաքինված հիվանդների կազդուրման համար։ Խ. հակացուցված է երիկամների, լյարդի հիվանդություն, հոդատապ