հիմնական հանգույցների աշխատանքին։ Առանձնակի ուշադրություն են պահանջում արգելակները։ Արգելակային թմբուկները սովորաբար գերտաքանում են արգելակային կոճղակների ոչ ճիշտ կարգավորման պատճառով. ընթացքի ժամանակ դրանք շփվում են թմբուկների հետ։ Այդ դեպքում անհրաժեշտ է հանել անիվը և զննել կոճղակները։ Եթե դրանք թմբուկին հպվում են փոքր մակերեսով, այն կարելի է խարտել՝ հպման մակերեսը մեծացնելու նպատակով։ Փորձավարման ընթացքում ստուգում են նաև առաջին անիվների կունդերի վիճակը. եթե դրանք չափից ավելի են տաքանում, անհրաժեշտ է ստուգել կունդի մանեկի ձգվածությունը և առանցքակալներում քսանյութի առկայությունը։ Առջևի անիվների խաղացք նկատելիս, պետք է գործել ըստ բացատրագրի ցուցումների։ Մեքենայի անսարքության կամ կողմնակի աղմուկի դեպքում պետք է դադարեցնել ընթացքը և պարզել պատճառները, որից հետո միայն կարելի է որոշել՝ շարունակել ընթացքը, տեղում վերացնել անսարքությունը, թե՞ օգտվել քարշակից։
Ա-ի շահագործումը։ Ա-ի հուսալիությունը, երկարակեցությունը, խնայողականությունը զգալի չափով պայմանավորված են բացատրագրի պահանջների, ճանապարհային երթևեկության կանոնների և տվյալ Ա. վարելու հանձնարարելի գործելաձևի կատարմամբ։
Ագրեգատների և հանգույցների կանոնավոր աշխատանքն ապահովող կարևոր պայմաններից է համապատասխան վառելաքսանյութերի կիրառումը։ Մի մակնիշի քսանյութը կարելի է փոխարինել մեկ այլ մակնիշով՝ ըստ գործարանի հանձնարարականների։ Անթույլատրելի է հանձնարարվող բենզինի փոխարեն օգտագործել ավելի ցածր օկտանային թվով (արտահայտվում է բենզինի մակնիշի, օրինակ, Ա-72, ԱԻ-93 թվանշաններով) բենզին, որը ճայթյուն է